«Իշխանության համար նույնիսկ ամենափոքր համայնքն իր ֆորպոստերից մեկն է, որը չի ցանկանում զիջել»
Սեպտեմբերի 18-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ կայացան Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի և Տավուշի մարզերի թվով 317 համայնքներում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից «168 Ժամին» տեղեկացրին, որ ՏԻՄ ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն սեպտեմբերի 23-ին, իսկ նախնական արդյունքներով` Ապարան, Էջմիածին, Վեդի, Գորիս, Նոյեմբերյան քաղաքներում հաղթել են ՀՀԿ-ական թեկնածուները, որոնք էլ հիմնականում վերընտրվել են։
Սակայն թե՛ նախընտրական ժամանակաշրջանը, թե՛ բուն ընտրության օրը բազմաթիվ էին խախտումների մասին ահազանգերը, իսկ Էջմիածնում գործը հասավ նույնիսկ քրեական բնույթի բախման։ Ոստիկանությունն արձանագրել է ավելի քան 200 տարբեր բնույթի տեղեկատվություն, որոնցից 108-ն առերևույթ պարունակել են հանցագործության հատկանիշներ և ուղարկվել ՀՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ` ստուգողական գործողություններ իրականացնելու համար։
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչ, Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ընտրական ծրագրերի համակարգող Արմեն Գրիգորյանը մեզ հետ զրույցում փաստեց` ՏԻՄ ընտրություններն ազատ ու արդար չեն եղել։ Նա նշեց, որ իրենց 112 դիտորդներ դիտորդական առաքելություն են իրականացրել 16 համայնքների 57 ընտրատեղամասերում.
«Արձանագրված խախտումներն այն շարունակական, հիմնական խախտումներն են, որոնք գոյություն են ունեցել Հայաստանում։
Մեզ մտահոգում է հիմնականում մի ընտրախախտում, որը վերջերս ենք հանդիպում` երբ ընտրողը գալիս է ընտրատեղամաս և բացահայտում, որ իր անվան դիմաց ինչ-որ մեկն արդեն ստորագրել է և քվեարկություն կատարել։ Սահմանադրական հանրաքվեի ժամանակ էլ բազմաթիվ են եղել նման դեպքերը, և սրանց պատճառն ընտրացուցակների փակ լինելն է, որը լուրջ խնդիր է։ Հաճախ, երբ ընտրողը նման իրավիճակում է հայտնվում, ընտրական հանձնաժողովն առաջարկում է, որ նա էլ ուրիշի անվան դիմաց ստորագրի ու ընտրությանը մասնակցի։ Այսինքն` հանձնաժողովն է ընտրողին դրդում այդպիսի քայլի։ Սա լուրջ, կոպիտ և քրեորեն հետապնդելի խախտում է»։
Ա. Գրիգորյանի խոսքով` հաճախ սահմանափակվել է դիտորդների գործունեությունը, երբ ընտրացուցակների փակ լինելու պատճառով նրանք փորձում են գրանցամատյաններում գրանցումներ կատարել։ Նա նշեց, որ այլ բազմաթիվ խնդիրներ ու խախտումներ էլ են եղել ընտրական պրոցեսի հետ կապված, նույնիսկ ընտրատեղամասից դուրս է քվեարկություն եղել։
«Միանշանակ բոլոր ընտրախախտումներն էլ ընտրությունների արդյունքների վրա ազդում են։ Պետք է հաշվի առնել, որ մենք չենք կարողանում վերահսկել ամբողջ ընտրական գործընթացը` սահմանափակ ռեսուրսի պատճառով։ Ավելի քան 300 համայնքից մենք վերահսկել ենք 16-ը` մոտ 5%-ը, որում այդքան խնդիրներ ենք բացահայտել։ Ընդ որում` դրանք համակարգային բնույթ ունեն, այսինքն` համատարած են։ Խնդիրն այն է, որ ԿԸՀ-ն հետամուտ չի լինում, որ լուծի դրանք»,- ասաց Ա. Գրիգորյանը։
Ուշագրավ է, որ այս ՏԻՄ ընտրություններում համայնքի ղեկավարի համար պայքարում առաջին անգամ հաղթանակ է տոնել ընդդիմադիր թեկնածուն. Արարատի մարզի Նոր Կյանք համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված Գարիկ Սարգսյանն ավելի շատ քվե է ստացել, քան գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Մայիս Աբրահամյանը։
«Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության վարչության նախագահ Արայիկ Հարությունյանը մեզ հետ զրույցում իրենց այս հաջողությունը պայմանավորեց կիրառված մոդելով և մի շարք բարենպաստ պայմաններով` լավ քարոզչություն, լավ թիմ, լավ ծրագիր. «Ինչ վերաբերում է հակառակորդ թեկնածուին, բոլոր դեպքերում ՀՀԿ-ն, անկախ թե ով է իր թեկնածուն, փորձում է նույն մեթոդները կիրառել, կամ նույն քարոզչությունը, նույն ընտրական պրոցեսն իրականացնել։ Արդեն այդ գործիքներին լավ ծանոթ ենք, և մենք մեկ գյուղի օրինակով ցույց տվեցինք, որ կատարելության ենք հասցրել մեր այս մոդելը, որի մասին երկար ժամանակ խոսում էինք, և որի նկատմամբ մեր որոշ ընդդիմախոսների կողմից, թերևս, թերահավատություն կար։ Կարողացանք ցույց տալ, որ այն գիծը, որ տանում ենք, ճիշտ է և հաջողության հասնելու հիմնական ուղիներից է։ Եվ Նոր Կյանքի հաջողությունը դա ապացուցեց»։
Ըստ նրա` իշխանությունն ամեն դեպքում չի հրաժարվել ցանկացած գնով դիմադրելու ավանդույթից. «Իշխանության համար նույնիսկ ամենափոքր համայնքը` 20-30 հոգանոց, իր ֆորպոստերից մեկն է, որոնցից անգամ մեկը հանձնելը նշանակում է` իրենց անպարտելիության գաղափարախոսության փլուզում։ Մենք կարողացանք դրան հակազդել մեր հռչակած ինստիտուցիոնալ ընդդիմության բոլոր կարևոր կոմպոնենտներով և ցույց տալ, որ անպարտելիության գաղափարախոսությունը միֆ է, և դրան պարզապես պետք է հակադրել աշխատանք, աշխատանք և միայն աշխատանք»։
Թե որքանո՞վ կհաջողվի Նոր Կյանքի արդյունքը գեներացնել ավելի մեծ մասշտաբով, Ա. Հարությունյանը նշեց, որ իրենց ծրագրի ընդհանուր գծերը լավ պատկերացնում են և այդ ուղղությամբ աշխատանք են տանում բոլոր համայնքներում։ «Հոկտեմբերի 2-ին նոր ՏԻՄ ընտրություններ են, և դրանք կայանալու են մեծ քաղաքներում` Վանաձորում, Գյումրիում, Կապանում, որտեղ ունենք թեկնածուներ, ավագանիների ցուցակներ ենք ներկայացրել, նաև Նորադուսում ենք ավագանի ներկայացրել։ Կփորձենք գեներացնել ու դրական փորձը տարածել նաև այս համայնքներում` թե՛ նախընտրական օրերին, թե՛ ընտրությունների բուն օրը»,- ասաց Հարությունյանը։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նույնպես ակտիվորեն մասնակցում էր ՏԻՄ ընտրություններին և նույնպես որոշակի հաջողություններ է գրանցել Արգավանդ, Գետազատ, Խարբերդ, Ազատաշեն, Արբաթ, Հովտաշատ, Ազատավան, Մասիս, Հնաբերդ, Նորաշեն և այլ համայնքներում, հատկապես` ավագանիների ընտրություններում։ ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը գտնում է, որ ժողովրդի քվեն տեղ է հասել։
Լ.Խաչատրյանը խուսափեց կանխատեսումներ անել ՏԻՄ ընտրությունների հաջորդ փուլի հետ կապված ԲՀԿ-ի հաջողությունների վերաբերյալ. «Եկեք չգուշակենք։ Այս անգամ ժողովրդի քվեն տեղ հասավ։ Կարծում եմ` իշխանություններն էլ են հասկացել, որ չպետք է այն գործողությունները, գործառույթներն իրականացնել, ինչ նախկինում։ Դրանք ընդունելի չեն ո՛չ ժողովրդի, ո՛չ քաղաքական դաշտի կողմից։ Ում ընտրում է ժողովուրդը, նա էլ ընտրվում է։ Մենք հասկացանք, որ առանց ընտրության, առանց վստահության քվեի բարձրացման` տնտեսություն զարգացնել և առաջընթաց հնարավոր չէ։ Այդ ամենին պետք է հաղորդակից լինի ժողովուրդը, հասարակությունը, առանց որի ոչ մի ռեֆորմ հնարավոր չէ ընդհանրապես»։
Դիտարկմանը, որ ԲՀԿ-ն հաղթել է հիմնականում Արարատի համայնքներում, որը համարվում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ազդեցության գոտի, նաև «Բարգավաճ Հայաստանն» է վայելում Հ. Աբրահամյանի աջակցությունը, Լ.Խաչատրյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ նման ձևով հարցադրում կարելի է անել։ ԲՀԿ-ն համակիրներ ունի ժողովրդի մեջ, որի արդյունքը մենք ստանում ենք։
Վերջիվերջո, ընտրողը ո՛չ նախկին վարչապետն է, ո՛չ ներկա, և ո՛չ ապագա։ Նրանք բոլորը, ինչպես և ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, ունեն մեկ ձայն։ Իսկ մինչ այժմ կիրառված ազդեցության արդյունքում ունեցանք այն տնտեսությունը, որն ունենք, և որից դուրս գալու միակ պայմանը ժողովրդի վստահության քվեի բարձրացումն է։ Հասկացանք, որ հնարավոր չէ այլ կերպ նույնիսկ իշխանություն պահել, վտանգված է։ Հետևաբար` պետք է կատարվի ընտրություն»։