«Քայլ առ քայլ պետք է փորձել ձեռք բերել իրական անկախություն». Արարատ Զուրաբյան
«168 Ժամի» զրուցակիցն է ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը
– 25 տարի առաջ անկախության ձեռքբերումից հետո շատերը կարծում էին, որ պայքարն անկախության, ինքնիշխանության համար ավարտվել է, գրանցվել է ցանկալի արդյունքը։ Սակայն դատելով ներկայիս հասարակական-քաղաքական դիսկուրսից, կարելի է նշել, որ անկախ պետություն ստեղծելու հարցն այսօր շատ ավելի սուր է դրված, քան երբևէ։ Ձեր գնահատմամբ` այս 25 տարիների ընթացքում ի՞նչ ձեռքբերումների է հասել անկախ Հայաստանը։ Ինչպիսի՞ հանգրվանի ենք մենք հասել այսօր։
– Օգտվելով առիթից` ցանկանում եմ շնորհավորել մեր հասարակությանը` Անկախության 25-ամյակի կապակցությամբ։ Դա իսկապես լրջագույն ձեռքբերում է։ Ցանկացած ժողովուրդ, կարծում եմ, ձեռք բերելով անկախություն, մեկ այլ փուլի, մեկ այլ հանգրվանի է հասնում, որից հետո սկսվում է տքնաջան աշխատանքը, որը և պետք է սկսվեր։ Սկսվել էր։ Այս տոնի նախօրեին չեմ ցանկանում խոսել միայն բացասական կողմերի մասին, այդուհանդերձ, չի լինի շրջանցել։
Պետք է արձանագրել, որ, երբ ծնվում է երեխան, դրանով չի կարող ամեն ինչ ավարտվել, ամեն ինչ դրանով նոր սկսվում է։ Մենք բազմաթիվ հաջողություններ ենք արձանագրել։ Առաջնայինը` անկախության ճանապարհը մենք անցել ենք շատ ծանր ժամանակահատվածում` Ղարաբաղյան շարժում, դրան զուգահեռ` ծանր երկրաշարժ, ապրել ենք այդ ամենի պարագայում, փորձել ենք որոշակիորեն մեղմել իրավիճակը, ունեցել ենք պատերազմ, հասել ենք հաջողության, 1994 թվականին` որպես հաղթանակած կողմ, կնքել ենք Զինադադարի պայմանագիր, կայացրել ենք պետական ինստիտուտներ, ինստիտուտներ, որոնց մասին ժամանակ առ ժամանակ մոռանում ենք։
Այդ ծանր ժամանակահատվածում իրականացրել ենք հողի ռեֆորմ, սեփականաշնորհում, ինստիտուցիոնալ քայլեր քաղաքական, պետական, ֆինանսական, տնտեսական, ռազմական համակարգերի կայացման նպատակով։ Ունենք բանակ, բավականին լուրջ բանակ։ Այն, ինչ մեզ չի հաջողվել, երևի թե նաև դրա մասին պետք է խոսել։ Անկախությունը բացառիկ արժեք է, և այդ բացառիկ արժեքի համար, ցավոք, մարդիկ նաև պետք է պատրաստ լինեն գնալ զրկանքների, և մեր հասարակությունը գնացել է։
Սակայն ինչ-որ պահից մեր հասարակությունը հոգնել է, ինչ-որ տեղ նաև անկախության մեջ է սկսել բացասական երևույթների մեղքը տեսնել։ Դրանք, իհարկե, առկա են և առկա են եղել, սակայն մի բան պետք է արձանագրել, որ այս բացարձակ արժեքի համեմատ` այդ ամենը խիստ երկրորդական է։
Հիմա` անկախության մասին։ Իհարկե, Հայաստանի Հանրապետությունը` որպես պետություն, ձեռք է բերել անկախություն, սակայն ցանկալի կլիներ, որ այդ անկախությունը լիներ առանց կախվածության։ Օգտագործեմ այս ձևակերպումը։ Ցանկալի կլիներ, որպեսզի ՀՀ-ն իսկապես իր արտաքին, ներքին քաղաքականությունն իրացներ` կախված չլինելով Մոսկվայից, այլ պետություններից, և ինքնուրույն որոշեր իր ճակատագիրը ցանկացած հարցում։ Այստեղ մենք ունենք հսկայական անելիք։
Այսօր գտնվում ենք մի տնտեսական և քաղաքական բլոկում, որը, իմ գնահատմամբ` Հայաստանը տանելու է դեպի առոչինչ։ Հայաստանը` Եվրասիական տնտեսական միությանն ու ՀԱՊԿ-ին անդամակցելով, կարծում եմ` վտանգում է իրեն, մեր անկախությունը։ Ինչևէ, անկախությունը, կրկնում եմ, բացառիկ արժեք է, տոնական օր է, բոլոր բացասական երևույթների մասին չխոսենք։ Մեկ անգամ ևս` շնորհավորում եմ։
– Շարունակելով Ձեր նշած կախված անկախության թեման` որտե՞ղ եք տեսնում ելքը։ Ի՞նչ է պետք անկախ արտաքին և ներքին քաղաքականության համար և Մոսկվայից կախվածությունը հավասարակշռելու և նվազեցնելու համար։
– Ես չէի խոսի նույնիսկ հավասարակշռելու և պակասեցնելու մասին, ես կտրելու մասին կխոսեի, եթե ինձ մնար։ Ասեմ հետևյալը` անկախության հարցը մեզ մոտ քաղաքակրթական ընտրության հարց է` որտե՞ղ ենք մենք ցանկանում լինել` ցանկանում ենք լինել այն պետությունների շարքում, որոնք ամբողջ քաղաքակիրթ աշխարհի կողմից ճանաչվում են հետադիմության կրողնե՞ր, թե՞ ցանկանում ենք քաղաքակրթական ընտրություն կատարել, որը դարեր շարունակ ենք կատարել։ Մենք` հայերս, մշտապես մաս ենք կազմել, պայմանական ասեմ, եվրոպական արժեհամակարգին։
Մենք այս տարածաշրջանում կերտում ենք մի միջավայր, որի ամբողջական հիմքն այն արժեհամակարգն է, որն առկա չէ ՀԱՊԿ-ում կամ ԵՏՄ-ում։
Ի՞նչ է պետք անել։ Ես կարծում եմ, որ պետք է քայլ առ քայլ փորձել ձեռք բերել իրական անկախություն, քայլ առ քայլ աշխատել բոլոր ոլորտներում` թե տնտեսության, թե արտաքին քաղաքականության բնագավառում, փորձել ուժեղացնել թե՛ մեր բանակը, թե ձևավորել մեր ռազմաարդյունաբերական համալիրը, թե փորձել կերտել պետություն, որտեղ հայ մարդիկ են որոշում` ինչպես են ապրելու, որտեղ են ապրելու և ինչ քաղաքական հիմքի վրա են հենվելու, ինչպիսին են տեսնում Հայաստանը 20-25 տարի հետո։
– Խոսեցիք բանակի մասին, անկախության ամենամեծ ձեռքբերումը, իհարկե, Արցախի` մեզ պարտադրված պատերազմում տարած հաղթանակն էր և բանակի ձևավորումը: Շաբաթներ առաջ եք վերադարձել Արցախից, այնտեղ ունեցել եք հանդիպումներ թե՛ քաղաքական, թե՛ հասարակական շրջանակների հետ, այցելել եք դիրքեր։ Ապրիլյան պատերազմից ամիսներ անց ինչպիսի՞ն էին տրամադրություններն Արցախում, և կրկին 25 տարի անց ի՞նչ հանգրվանում ենք կանգնած այս հակամարտության գործընթացում։
– Կարճ ժամանակ առաջ Արցախի Հանրապետության Անկախության 25-ամյակն էր։ Օգտվելով առիթից` շնորհավորում եմ մեր ամբողջ ժողովրդին ու մասնավորապես մեր Արցախի հերոս ժողովրդին, որն այնտեղ կանգնած է շատ ամուր։ Կարծում եմ, որ 1994 թ. հետո մենք, ինչ-որ տեղ մեր հասարակությունը, մեր իշխանությունները կորցրել էին զգոնությունը, դա պատճառաբանված էր նաև հետևյալ ընկալմամբ, որ Ռուսաստանի հետ ունենք փայլուն հարաբերություններ նաև ռազմական բնագավառում, ուստի վտանգից զերծ ենք։ Կարծում եմ` ապրիլյան պատերազմն ապացուցեց, որ դա այդպես չէ։ Այնպես էր ստացվել, որ ապրիլյան պատերազմից կարճ ժամանակ առաջ այցելել էի Արցախ, հանդիպումներ ունեցել, դիրքերում եղել, նաև որոշ ժամանակ առաջ` 25-ամյակի նախօրեին եղա Արցախում, ունեցանք հանդիպումներ, կրկին այցելեցինք դիրքեր։ Կարող եմ փաստել մեկ բան, որ Արցախում մարտական է տրամադրությունը, մարդիկ շատ ամուր են կանգնած, դա հրաշալի է։
Արցախը շատ ավելի լավ բարոյահոգեբանական մթնոլորտում է, քան Հայաստանի Հանրապետությունը։ Նշեմ նաև, որ եղա բազմաթիվ դիրքերում, ականատես եմ եղել հսկայական աշխատանքի, որ կատարվել է այս ժամանակահատվածում։ Շատ լուրջ աշխատանք է կատարվել, չեմ ցանկանա մանրամասնել, որովհետև տեսածիս մի մասը կարող է նաև գաղտնիք պարունակել, սակայն ասեմ մեկ բան` հավատալի չէ, որ այդ կարճ ամիսների ընթացքում հնարավոր էր այսքան մեծ գործ անել։ Ի պատիվ Արցախի իշխանությունների, ի պատիվ Արցախի բանակի, պետք է արձանագրել, որ այն, ինչ արված է, շարունակական է, և ես կարծում եմ, որ այլևս երբեք մենք չենք ունենա զգոնության կորուստ և արժանի հակահարված կտանք, եթե լինի ևս մեկ ռազմական ագրեսիայի դեպք։
– Այսինքն` այն, ինչ տեսել եք, փաստում է այն մասին, որ հայկական կողմը որոշ դասեր քաղել է ապրիլյան պատերազմից։
– Ես չէի ասի՝ որոշ դասեր։ Ամեն ինչ շատ հստակ է` մարդիկ շատ լավ պատկերացնում են` ինչ իրավիճակ ունենք։ Ինձ մի փոքր զարմացնում են այն մոտեցումները, որոնք առկա են Հայաստանում, երբ խոսում են այս թեմաների շուրջ։ Այցելել եմ դիրքեր, որոնք գտնվում են Լելե Թեփեի կորցրած դիրքի դիմաց, որի մասին լեգենդներ էին շրջանառվում. կարող եմ ասել, որ այն դիրքերը, որոնք այսօր զբաղեցնում է մեր բանակը, որակապես, ռազմական նշանակությամբ շատ ավելի կարևոր են։ Իհարկե, ցանկալի կլիներ, որ մենք մեկ քառակուսի մետր տարածք իսկ չկորցնեինք, բայց եկեք մի բան արձանագրենք, որ տարածքը պահպանողը, պաշտպանողը սովորական հայ մարդիկ են, 18-20 տարեկան, նրանց շրջապատող սպաները և այդ մարդիկ իրենց պարտքը կատարել են։
Այն, որ նրանք այդպես հերոսաբար կատարել են իրենց պարտքը, չի կարելի արժեզրկել նրանով, որ մենք ինչ-որ բան ենք կորցրել։ Այդ տղաները կարողացել են ապացուցել, որ հստակ կանգնած են, որ իրենք հաղթող կողմ են։ Եթե այսօր էլ լինի հրաման, պատրաստ են ոչ միայն դիրքեր ազատագրել, այլ շատ ու շատ առաջ շարժվել։ Տա Աստված, լինի խաղաղություն և բանակցային գործընթաց, որի հետևանքով մենք կկարողանանք հասնել վերջնական խաղաղության պայմանագրի կնքմանը, բայց ինչևէ, ունենք այս իրավիճակը։
– Ուզում եմ անդրադառնանք հակամարտության կարգավորման հետպատերազմյան շրջանին։ Ունեցանք երկու նախագահական հանդիպում, մեկը` Եվրոպայում, մյուսը` Ռուսաստանում, երրորդը, որը նախատեսվում էր կրկին Ռուսաստանում, չկայացավ ինչ-ինչ պատճառներով։ Այնուամենայնիվ, որոշակի գործընթաց կա, մամուլը և հատկապես ռուսական մամուլը շրջանառում է ռուսական ծրագրերի առկայության թեման, հայաստանյան որոշ շրջանակներ խոսում են այն մասին, որ հայկական կողմը պատրաստվում է հողեր հանձնել, այս թեման հայտնվել է ներքաղաքական դիսկուրսի կիզակետում։ Ըստ Ձեզ` ո՞րն է հայկական կողմի խնդիրն այսօր կարգավորման գործընթացում` հաշվի առնելով այս բոլոր խոսակցությունները, հաշվի առնելով նաև տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։
– Բանակցային գործընթացը շատ բարդ պրոցես է։ Ժամանակ առ ժամանակ առանձին խաղացողներ, կողմեր ունենում են ինչ-որ շահեր, որոնք կարևորելով` ցանկանում են ինչ-որ ձևով լուծումներ ստանալ։ Բայց կյանքը մեկ բան է ապացուցել, որ այս գործընթացն ընթանում է երկար ժամանակ։ Համոզված եմ, որ այստեղ կարճ ժամանակահատվածում լուծումներ չեն լինի։ Հայաստանի դիվանագիտական կորպուսը պետք է շատ զգոն լինի, օգտագործի բոլոր միջազգային ատյանները` մշտապես բարձրացնելու այն հարցերը, որոնք կարևոր են, մասնավորապես, վերջին երկու հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունների տրամաբանության շրջանակում` հետաքննության մեխանիզմների վերաբերյալ։
Սովորաբար ունենք մտահոգություններ, հասարակությունը միշտ ունի մտահոգություններ, բայց ես չեմ կարծում, որ Հայաստանում նույնիսկ այս իշխանությունների պարագայում կա մարդ, որը պատրաստ է ինչ-որ բան հանձնել, ինչ-որ բան կորցնել։ Համոզված եմ, որ ցանկացած հայ մարդ ցանկանում է, որպեսզի այս հարցը առավելագույն ձեռքբերումներով լուծում ստանա։ Այս փուլում` որպես հասարակություն, պարտավոր ենք ամեն ինչ անել, որպեսզի մեր բանակն օր օրի դառնա ավելի հզոր, որովհետև բանակցությունները շատ կարևոր են, երբ քո ռազմական գործոնը ռեալ և ազդեցիկ է։ Տեսեք, երբ մենք ունեինք առավելություն, Ադրբեջանի մտքով անգամ չէր կարող անցնել հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու որևէ հեռանկար։ Սակայն բեկում եղավ, և մենք ականատեսը եղանք ռազմական գործողություների։
Ուստի պետք է կարևորենք մեկ բան` բանակը մի մարմին է, որը մշտապես պետք է զարգանա, հզորանա, լինի ուշադրության կենտրոնում։ Կարծում եմ, որ մենք լրջագույն անելիք ունենք տնտեսության ոլորտում, բնականաբար, ակնհայտ է, որ առկա են լրջագույն բացասական գործոններ մեր երկրում, որոնք ոչ թե աստիճանաբար, այլ շատ արագ պետք է հանգուցալուծվեն, և Հայաստանը պետք է կտրուկ փոփոխի իր մոտեցումները։ Մեր իշխանությունները պետք է փոփոխեն մոտեցումները կամ հեռանան, հակառակ պարագայում մենք դատապարտված ենք պարտությունների։ Հաղթանակի միակ գրավականը թե՛ դիվանագիտական, թե՛ ռազմական, թե՛ այլ ոլորտում, թե՛ բացարձակ անկախության ձեռքբերման ոլորտում, այն է, որ ամբողջ հասարակությունը տրամադրվի նրան, որ ունի անելիք։
Այնպես, ինչպես եղել է, շարունակվել չի կարող, պետք է փոփոխվենք, ինքներս պետք է փոխվենք և ստիպենք ցանկացած իշխանության` այս կամ հաջորդ, որպեսզի այդ իշխանությունը ծառայի մեր հասարակությանը, ծառայի ՀՀ-ին։ Կրկին նշեմ, որ ուժեղի հետ հաշվի են նստում բոլորը։ Պետք է փորձել դառնալ ավելի ուժեղ։
– Վերադառնալով ներհայաստանյան քննարկումներին` վերջին օրերին կրկին ակտիվացել են խոսակցությունները Վանո Սիրադեղյանի վերադարձի մասին, կոչեր ու առաջարկներ են հնչում։ Որպես նրա մտերիմ, գաղափարակից` ինչպե՞ս եք գնահատում այս խոսակցությունները։
– Դրանց միայն մեկ ձևով կցանկանամ անդրադառնալ։ Սովորաբար, Վանո Սիրադեղյանի մասին քննարկումներում շատերը խոսում են նրա գրական ստեղծագործությունների արժեքի մասին։ Ես կասեմ հետևյալը` Վանո Սիրադեղյանն ականավոր պետական, քաղաքական գործիչ է, մարդ, որը կանգնած է Հայաստանի անկախության ձեռքբերման, կայացման ամբողջ ճանապարհին և հսկայական գործ է արել այդ ուղղությամբ։
Ինչ-որ իրավիճակներում, քաղաքական տարբեր վայրիվերումների պատճառով Վանո Սիրիադեղյանը ստիպված է եղել հեռանալ Հայաստանից, նա քաղաքական վտարանդի է։ Կարծում եմ, որ օր առաջ` ցանկացած պահի, ցանկացած հասարակություն պետք է փորձի իր լավագույն զավակներից մեկին տեսնել իր կողքին, Հայաստանում, որովհետև, ես կարծում եմ, դրանով Հայաստանը միայն կհարստանա։
Ինչ վերաբերում է նրան, որ ինչ-որ գործընթաց է սկսվել` ժամանակ առ ժամանակ զարմանում եմ, որովհետև երբ Վանո Սիրադեղյանը հետապնդվում էր, այդ ժամանակահատվածում մենք մի քանի հարյուր հոգով ԱԱԾ-ի դիմաց հանրահավաք էինք անցկացնում, հետո տեղափոխվում Գլխավոր դատախազության շենքի դիմաց հանրահավաք անելու, գնում էինք դատարան, շատերը լռում էին։ Կարծում եմ, որ այդ լռությունը նաև պատճառ դարձավ, որ Վանոն այստեղ չէ։ Շատ լավ է, որ թեման արծարծվում է, կուզեի, որ թեման արծարծվեր շատ ավելի ճիշտ ճանապարհով, և, բնականաբար, կցանկանայի, որ Վանո Սիրադեղյանն օր առաջ լիներ Հայաստանում։
– Ե՞րբ նրա վերադարձն իսկապես իրատեսական կարող է լինել։
– Շատ բարդ հարց է։ Իրավական առումով ես որևէ խոչընդոտ կամ բարդություն չեմ տեսնում։ Այս հարցը քաղաքական հարթության մեջ է պետք դիտարկել։ Կարծում եմ` ինչ-որ բան հասունացել է հավանաբար։ Համոզված եմ, որ ճիշտ կլիներ այսօր, երբ փորձ է կատարվում ինչ-որ բան փոխել երկրում, քայլերից մեկն էլ լիներ դա։ Կրկնում եմ` դրանից շահելու էին բոլորը` թե մեր հասարակությունը, թե ՀՀ իշխանությունը, թե Վանո Սիրադեղյանի մերձավորները, ընկերները, ընտանիքը` բոլորը։