Արդյո՞ք վարչապետը կառաջարկի, և արդյո՞ք նախագահը կնշանակի. Հրանուշ Հակոբյանի հնարավոր պաշտոնանկության մասին
Այսօր ՀՀ սփյուռքի նախարարության և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հ/կ-ի նախաձեռնությամբ ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի առթիվ Գլխավոր պողոտայում մեկնարկեց ավանդական դարձած «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը, որին մասնակցում էր նաև ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը:
Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում՝ խոսելով բարեգործական ցուցահանդես-տոնավաճառի, սիրիահայերի խնդիրներին մասին, Հրանուշ Հակոբյանը պատասխանելով լրագրողների հարցերին՝ անդրադարձավ նաև նոր կառավարության կազմում իր ներկայության կամ հնարավոր պաշտոնանկության հարցին.
«Մեր երկրում գոյություն ունեն օրենքներ, Սահմանադրություն, որի համաձայն՝ Կառավարության փոփոխությունը տեղի է ունենում վարչապետի առաջարկությամբ՝ նախագահի հրամանագրերով: Ինչպես կորոշեն՝ այնպես էլ տեղի կունենան փոփոխությունները: Իմ անձնական տեսակետն այս պարագայում էական չէ, կարևորը ղեկավարների որոշումն է՝ արդյո՞ք վարչապետը կառաջարկի, և արդյո՞ք նախագահը կնշանակի: Նորից եմ կրկնում՝ ինչպես կորոշեն, այնպես էլ կվարվեմ»,- ասաց նա: