«Թեհրանը հստակ ուղերձներ է հղում ՀՀ իշխանություններին». Իրանցի վերլուծաբան

«Հայ-իրանական հարաբերությունների զարգացումն աշխարհաքաղաքական նշանակության հարց է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց իրանցի վերլուծաբան Ալի Սալամին՝ անդրադառնալով Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի Հայաստան կատարելիք այցին ու հայ-իրանական հարաբերությունների ներկայիս մակարդակին:  Հիշեցնենք, որ Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին իրանական ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցում նշել էր, թե Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի` Հայաստան կատարելիք հնարավոր այցը շրջադարձային կետ կլինի Իրան-Հայաստան երկկողմ հարաբերությունների համար:

«Երկու երկրների նախագահները հայտարարել են, որ երկկողմ հարաբերությունների ընդլայնման համար ոչ մի արգելք չկա»,- ասել է նա:

Իրանը համարելով Պարսից Ծոց-Սև ծով միջանցքի նախաձեռնողը` Հայաստանում Իրանի դեսպանն ասել էր, որ այդ միջանցքը ստեղծվել է Իրանի, Հայաստանի, Վրաստանի, Բուլղարիայի, Հունաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ, որի մասնագիտական նիստը կայացել է Թեհրանում, և հույս էր հայտնել, որ այդ միջանցքի շահագործման հանձնվելով՝ դեպի Եվրոպա Իրանի տրանսպորտային ուղիները բազմազան կդառնան: Ալի Սալամին նշեց, որ հայ-իրանական հարաբերությունները մշտապես աչքի են ընկել իրենց բարձր մակարդակով, փոխվստահությամբ ու քաղաքական նվիրվածությամբ:

Չնայած Իրանի դեմ սահմանված արևմտյան պատժամիջոցներին, իրանցի վերլուծաբանի հիշեցմամբ՝ Հայաստանը տարածաշրջանում առանձնացել է իր հավասարակշռված և իրանամետ քաղաքականությամբ: Թեև, ըստ նրա, պատժամիջոցները խոչընդոտում էին  որոշ ոլորտներում հայ-իրանական հարաբերությունների զարգացմանը, մասնավորապես, խոսքը տնտեսական ոլորտի մասին է, առանց որի՝ քաղաքական հարաբերությունները պատժամիջոցների տարիներին մեծ առաջընթաց չապրեցին տնտեսական բաղադրիչի բացակայության պայմաններում:

«Պատժամիջոցները վերացել են, և Իրանն աշխարհին է ներկայանում իր ողջ ներուժով, որն իր  ողջ ծավալով պետք է արտահայտվի հայ-իրանական հարաբերություններում, այսինքն, պետք է վերացվի այդ հարաբերություններում առկա չիրացված ներուժը՝ մասնավորապես՝ առևտրատնտեսական, էներգետիկ և կոմունիկացիոն ոլորտներում: Երկու կողմերն ունեն բավարար քաղաքական կամք դրա համար, սակայն վերջին տարիներին տարածաշրջանում լուրջ զարգացումներ և վերաձևումներ են տեղի ունեցել, կան խաղացողներ, որոնց ձեռնտու չէ հայ-իրանական հարաբերությունների զարգացումը: Սա մարտահրավեր է Հայաստանի ու Իրանի համար, որը պետք է է վերացնել:

Պետք է հաշվի առնել նաև այն, որ Հայաստանը փոքր և զգույշ երկիր է, իսկ Իրանն այսօր ձգտում է բոլոր երկրների հետ վերականգնել իր հարաբերությունները, ուստի մարտահրավերների հաղթահարման առումով երկու երկրներն էլ որոշ սահմանափակումներ ունեն, որոնք հնարավոր է հաղթահարել երկարաժամկետ գործընթացում»,- նման տեսակետ հայտնեց Ալի Սալամին:

Խոսելով ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի տված հարցազրույցի մասին, իրանցի վերլուծաբանն այն «կարևոր ու ուղենիշային» որակեց: Նրա համոզմամբ, դրանում կային ուղերձներ ՀՀ քաղաքական էլիտայի համար: Դեսպանը, ըստ Սալամիի, ըստ էության բացահայտեց ԻԻՀ նախագահի ՀՀ կատարելիք այցի ողջ բովանդակությունը՝ իր հիմնական ուղղություններով: «Շատ կարևոր հարցազրույց էր այն առումով, որ ներկայացվեց  հայ-իրանական հարաբերությունների վերաբերյալ Իրանի տեսլականը, որը խորն է, բազմաոլորտ ու հեռանկարային: Հարց է միայն, թե որքանո՞վ է այս տեսլականն իրագործելի ներկայումս, և այդ առնչությամբ ինչպիսի՞ն  է տրամադրվածությունը Հայաստանում»,- ասաց Ալի Սալամին:

Հարցին, թե ձևավորվող Իրան-Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան առանցքը չի՞ ստվերի արդյոք Պարսից Ծոց-Սև ծով միջանցքի նախաձեռնությունը, հաշվի առնելով Ադրբեջանի և Թուրքիայի տրամադրվածությունը, Ալի Սալամին ասաց, որ խոչընդոտներ չի տեսնում, եթե նախաձեռնության մասնակիցները դրանով  հետաքրքրված են:

Նա պարզաբանեց, որ Իրան-Թուրքիա, Իրան-Ադրբեջան հարաբերությունները մշտապես աչքի են ընկել վստահության լուրջ պակասով: Սալամիի խոսքով՝ Իրանն այսօր փորձում է վերականգնել իր հարաբերությունները տարբեր ուղղություններով, նոր հնարավորություններ գտնել: «Բայց Իրանի համար այս երկրները շարունակում են անվստահելի մնալ դիվանագիտական հարթությունում, նկատվում է զգուշավորություն: Իսկ Հայաստանի հետ Իրանը ձգտում է զարգացնել իր հարաբերությունները, որի ուղղությամբ հստակ ուղերձներ է հղում ՀՀ իշխանություններին»,- շեշտեց Ալի Սալամին:

Վերջինիս համոզմամբ՝ տարածաշրջանը բարդ ժամանակաշրջան է ապրում, գործընթացները դանդաղ են առաջ ընթանալու՝ տարաձայնությունների պատճառով, բայց հայ-իրանական հարաբերություններում առկա ներուժը կարևոր է ոչ միայն երկու երկրների, այլև Արևմուտքի համար, ինչն այս հարաբերություններին աշխարհաքաղաքական նշանակություն է հաղորդում: Ուստի, ըստ Սալամիի, պետք է խելամիտ և սեփական շահերից բխող որոշումներ կայացնել:

Տեսանյութեր

Լրահոս