«Ռազմական շքերթները միայն տաշի-տուշիի համար չեն արվում». Հարություն Մեսրոբյան
«25 տարվա ընթացքում մենք դեմք չտվեցինք մեր երկրին և դրանով ոչ միայն մեր խնդիրները բարդացրինք, այլ բոլոր խաղացողների, որոնք հետաքրքրություն ունեն Հայաստանում։ Անհնար է գործ ունենալ մի պետության հետ, որն իր ինչ լինելը չի սահմանում»,- այսօրվա ասուլիսին նման կարծիք հայտնեց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը։
Փորձագետն ընդգծեց, որ Հայաստանի շրջափակման մասին միայն խոսում են, բայց դրա դեմ ոչ մի քայլ չի արվում. «Իրան-Հայաստան երկաթուղին արդեն առնվազն տասը տարի պետք է կառուցված լիներ։ Դրսից ո՞ր լուրջ ուժը կհավատա, որ մենք շրջափակման լուրջ խնդիր ունենք։ 25 տարի կարելի՞ էր գոնե՝ ցուցադրական մի ռելս դնել։ Ինչո՞ւ ավելի թարմացված ատոմակայան չկառուցվեց. կարկատան ենք անում, գործող էներգաբլոկը մի քիչ թարմացնում ենք, ինչո՞ւ։ Ասում են՝ փող չկա, լավ, փող չկա, մի հարց. տարեցտարի մեզ մոտ ավելանում է բյուրոկրատական ապարատը, հերիք չի՝ դա ավելանում է, շատ պաշտոնների աշխատավարձերն էլ կտրականապես բարձրանում են։ Այսինքն՝ էդ հիմարության համար փող ունենք»։
Հ. Մեսրոբյանը խոսեց նաև ռազմական շքերթի կարևորության մասին. «Ռազմական շքերթները միայն տաշի-տուշիի համար չեն արվում, դա նաև ազդակ է արտաքին աշխարհին։ Դրա համար պետք է փող լինի։ Երբ ասում են՝ ավելի լավ է շքերթը չանենք, 2 մլրդը չտանք շքերթին, տանք անապահովներին, ոչ, սիրելիս, դու եղիր նորմալ կառավարիչ և կարող ես շքերթի գումարի հարյուրապատիկը տնտեսել ու տալ աղքատներին։ Թող օլիգարխները հարկերը վճարեն։ Մի օլիգարխն առնվազն մի քանի միլիարդ թաքցնելու է, չէ՞։ Մեզ մոտ շատ օլիգարխներ կան, որոնք ամեն օր կարող են ռազմական շքերթ անել, մի բան էլ՝ անապահով խավին օգնել։ Ռազմական շքերթը պետության կառավարման քաղաքական ազդակների իմաստով հզոր մեսիջ է։ Եթե անգամ դրա դեմ բաներ տեսնում եմ Ֆեյսբուքում, բաց եմ թողնում, որովհետև գիտեմ՝ անգրագետ մոտեցում է»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: