«Մենք ունենք համագործակցության հուշագիր և վարչապետը չի կարող դա անտեսել». Արմեն Ռուստամյան
ՀՅԴ-ն ամբողջությամբ վստահում է Արծվիկ Մինասյանին, նա գիտի իր համակարգը, իսկ եթե նոր վարչապետը չի հավատում, պետք է ուսումնասիրի: Նման հայտարարություն այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ արեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` հավելելով, որ դաշնակցական նախարարների փոփոխություն չի լինի: «Եթե նոր վարչապետը չի ընդունում հայեցակարգը, նորմալ է, կարող է հայեցակարգերի մասին խոսք լինել»,- ասաց Ռուստամյանը` նոր վարչապետին խորհուրդ տալով առավելագույնս ծանոթանալ իրականացված գործերին:
Ըստ նրա` եթե ՀՅԴ-ական նախարարը չի համապատասխանում վարչապետի պահանջներին, ապա կարող է ներկայացնել նոր հայեցակարգ. «Անձնական, անհատական հակվածությամբ կամ հավանություններով մենք երկար ճանապարհ չենք կարող գնալ: Թող լինի բանավեճ, ես շատ ուրախ կլինեմ, որ կառավարությունը դառնա իսկապես քաղաքական մարմին և բաց քննարկումներ տեսնենք բոլոր ոլորտների հետ կապված»:
Ա.Ռուստամյանը նաև նկատեց, որ անձամբ ինքը Կարեն Կարապետյանի փոխարեն զերծ կմնար այդպիսի բառապաշար օգտագործելուց, բայց իրենք ընդհանուր պատասխանատվություն են կրում կառավարության համար, և ինքն ուրախ է, որ վարչապետը ինքնուրույն քաղաքական դեմք է, քանի որ երկրի միանձնյա կառավարումից պետք է ետ կանգնել:
«Վարչապետ Կարեն Կարապետյանը չի եկել դատարկ տեղ: Վարչապետ Կարեն Կարապետյանը եկել է արդեն այնպիսի ձևավորված միջավայրի մեջ ծրագրերի առումով, որ նա չի կարող դա անտեսել: Մենք ունենք համագործակցության հուշագիր և նա չի կարող դա անտեսել:
Դրանում հստակ քայլեր են սահմանված, մենք նաև մեր կոալիցիոն գործընկերների հետ աշխատում ենք կոնկրետ քայլերի վրա, այսինքն` գործողությունների ծրագրի, որը կոնկրետ ժամանակացույց է ենթադրում: Չի կարող կառավարությունն այդ ամենը մի կողմ դնել և նոր ծրագիր ներկայացնել: Բացարձակապես անհասկանալի կլինի, եթե նոր կառավարությունը նոր ծրագիր ներկայացնի և չանդրադառնա այդ խնդիրներին»,- ասաց Ա.Ռուստամյանը: