«ԲՀԿ հիմնադիրը Գագիկ Ծառուկյանն է և նա ժամանակավորապես է հեռացել քաղաքականությունից». Միքայել Մելքումյան

«ԲՀԿ հիմնադիրը Գագիկ Ծառուկյանն է և եթե Գագիկ Ծառուկյանը ժամանակավորապես հեռացել է քաղաքականությունից, այն ռեսուրսը, որ նա դրել է, երևի միակ անձն է, միայն ֆինանսականն ի նկատի չունեմ, այն ռեսուրսը, որ դրվել է ԲՀԿ կայացման մեջ, դա ոչ մեկ չի կարող ԲՀԿ-ից խլի:

Որևէ մեկը ժողովրդի վերաբերմունքը մեր նկատմամբ մեզնից չի տանում: Մեր պատգամավորները մեծամասամբ իրենց տեղում են: Դուք որտե՞ղ եք տեսել, որ մենք… Հովիկ Աբրահամյանը… ԲՀԿ-ի հետ ի՞նչ կապ ունի»,- այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը` պատասխանելով լրագրողների հարցին, թե ի՞նչ է լինելու ԲՀԿ-ի հետ Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկությունից հետո, քանի որ հիմնավոր տեսակետ կար, որ Գ. Ծառուկյանի՝ քաղաքականությունից հեռանալուց հետո հենց Աբրահամյանն է հովանավորում ԲՀԿ-ին:

Թե ի՞նչ է նշանակում, որ Գ. Ծառուկյանը «ժամանակավորապես» է հեռացել քաղաքականությունից, Մ.Մելքումայնը պարզաբանեց, որ Ծառուկյանն է որոշում կայացրել հեռանալու, հետագայում էլ ինքն է որոշելու.

«Դա իր որոշելիքն է: Մենք ապրում ենք ժամանակի և տարածության մեջ: Հարցը պետք է ուղղեք իրեն: Ավելին ասեմ` մարզերի մեծ մասում չգիտեն, որ Գագիկ Ծառուկյանը դուրս է եկել և ԲՀԿ-ն կապում են Գագիկ Ծառուկյանի անվան հետ: Ինքը կորոշի: Իր որոշումների մասին ինքն է հայտարարելու»:

Մ. Մելքումայնը չպատասխանեց հարցին, թե արդյոք վերադառնալիս Ծառուկյանը Սերժ Սարգսյանին կհարցնի՞, քանի որ Սարգսյանի խոսքով է հեռացել. «Կոռեկտ չէ, չեմ պատասխանում: Ինքն ինքնակամ է հեռացել»:

Տեսանյութեր

Լրահոս