Արծվիկ Մինասյանը նորմալ է վերաբերվում Կարեն Կարապետյանի կսմիթներին

«Նորմալ եմ գնահատում, որովհետև վարչապետի շեշտադրումներն ուղղված են աշխատանքներն առավել բարելավելու և նաև տնտեսվարող սուբյեկտների, հատկապես` ներդրումների առումով հոգսերը թեթևացնելու առումով: Բառերն ու բառակապակցություններն ինձ համար երկրորդական նշանակություն ունեն, որովհետև այնպես չէ, որ կոնկրետ արտոնությունների այդ համակարգում ամեն ինչ Էկոնոմիկայի նախարարությունն է իրականացնում: Մասնավորապես` մաքսատուրքից ազատման արտոնության համակարգը սկսվում և ավարտվում է կառավարության աշխատակազմով, Էկոնոմիկայի նախարարությունն ընդամենն այն պատասխանատու օղակն է, որն ամփոփում է բոլորի կարծիքը և ներկայացնում է կառավարության նիստում: Ես հակված չեմ որևէ այլ գերատեսչության կամ իմ գործընկերներից որևէ մեկի վրա բեռ բարդելու, բայց համակարգային փոփոխություններ անհրաժեշտ են, այդ թվում` նաև լիազորությունների հստակեցման տեսակետից»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը` մեկնաբանելով առավոտյան կառավարության նիստում վարչապետի հետ իր երկխոսությունը:

Անդրադառնալով վարչապետ Կ. Կարապետյանի հայտարարությանը, որ տնտեսության վիճակը շատ ծանր է, Ա. Մինասյանը նշեց, որ տնտեսության առջև ծառացած են մարտահրավերներ, որոնք այլ կառավարությունների ժամանակ այլ դրսևորումներ են ունեցել, ներկայումս դրանց մի մասն ավելի է սրվել.

«Բայց այն, որ տնտեսությունում անհրաժեշտ են այնպիսի փոփոխություններ, որ այդ մարտահրավերները շատ ավելի դյուրին և արդյունավետ տանեն, և, որ ամենակարևորն է, որ մենք ունենք այնպիսի տնտեսական կառուցվածք, որը երկարաժամկետ առումով ավելի կայուն ու շատ բարձր աճ է ապահովելու, դրա մասին խոսել ենք: Ես էլ եմ ասել, որ 1-2% աճը ոչինչ է, եթե ես միջին կամ երկարաժամկետ առումով չեմ տեսնում երկրի կայուն աճը: Նոր տնտեսական քաղաքականությունը պետք է կառուցվի այդ մոտեցումներով»:

Ըստ Ա. Մինասյանի` կառավարության նոր ծրագրում պետք է տեղ գտնեն այնպիսի կարևոր մոտեցումներ, ինչպես ներդրումները, տեխնոլոգիական վերազինումը և մասնագիտական ունակությունների զարգացումը, որը մեր տնտեսության հիմնական շարժիչ ուժը պետք է լինի, դրան գումարած՝ տնտեսության կառուցվածքում այնպիսի փոփոխություններ, որոնք առարկայական կդարձնեն երկրի ռեսուրսների մոբիլիզացիան և տնտեսության կազմակերպումը:

Արդյունքները տեսնելու համար Ա.Մինասյանը խորհուրդ տվեց չշտապել, քանի որ հասարակության մեջ արմատացած մոտեցումները չի կարելի գրչի մեկ հարվածքով վերացնել:

Տեսանյութեր

Լրահոս