«Ես տեղափոխվել եմ ՀՀ վարչապետի պաշտոնին՝ եկամուտների տեսանկյունից շատ ցածր աշխատավարձով». Կարեն Կարապետյանին

ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանից հետաքրքրվեց՝ եթե ռուսական ընկերություններից որևէ մեկից առաջարկ լինի  տնօրենրնների խորհրդի պաշտոնում աշխատանք, ենթադրենք 70 հազար դոլարին համարժեք ռուբլի աշխատավարձով, նա կհամաձայնի՞. «Եթե ոչ, ապա արդյո՞ք տիրապետում եք ՀՀ պետական բյուջեի գոյացման միջոցների հարաբերակցությանը, փոխազդեցություններին, համախառն ներքին արդյունքի ձևավորման մեջ օգտակար հանածոների գոյությունից ու դրանցից բխող դրամական միջոցների տեսակարար կշռի չափին»։

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանեց, որ հարցի մեջ մի ենթադրություն կա, թե ինքը  քաղաքապետի պաշտոնից գնացել է այլ՝  բարձր աշխատավարձով աշխատանքի.

«Բայց, եթե հիշում եք՝ իմ հարցազրույցում այդպես չի նշվել։ Այսօր ես տեղափոխվել եմ ՀՀ վարչապետի պաշտոնին՝ եկամուտների տեսանկյունից շատ ցածր աշխատավարձով։ Ինչ վերաբերում է հարցին, թե տիրապետո՞ւմ եմ ես մակրոտնտեսական և այլ թվերին, ապա՝ ոչ։ Եվ եթե ՀՀ վարչապետը պետք է լինի միայն այն մարդը, որը տիրապետում է, նշանակում է, որ կառավարության շենքից բացի՝ ոչ մի այլ տեղից վարչապետ պետք է չվերցնենք»։

Տիգրան Ուրիխանյանը այսպես արձագանքեց. «Ես չխոսեցի բացարձակ թվերից ու մակրոտնտեսական ցուցանիշներից, ես  տնտեսագետ չեմ ու ընդամենը հարցրի՝ համախառն ներքին արդյունքի ձևավորման վերաբերյալ օգտակար հանածոների մասով տեսակարար կշռից։ Դուք համեմատության մեջ կդիմե՞ք որևէ կարդիովիրաբույժի, որը հիվանդանոցի շենքից չի նշանակվել և պարտադիր չէ, որ տիրապետի փականների աշխատանքին։ Ինձ պարզապես հետաքրքրում է՝ ինչ է լինելու մեր ապագան, որովհետև կարճաժամկետ հեռանկարում արդեն չենք կարողանում պատկերացնել մեր վաղվա օրը»։

Ինչին ի պատասխան վարչապետն ասաց, որ ըստ նախատեսված ժամկետի ներկայացնելու են իրենց  ծրագրերը, որտեղ տալու են այն տեսլականը և  պատկերացումները, թե ինչպես պետք է փոխել. «Իսկ ձեր նշած թվերին ես այս պահին չեմ տիրապետում»։

Տեսանյութեր

Լրահոս