«Ինձ դժվար որևէ մեկը քծնանքի մեջ մեղադրի, որովհետև ինչ մտածում եմ՝ ճակատին ասում եմ». Էդուարդ Շարմազանով

«Ուզում եմ տեղեկացնել և հիշեցնել, որ մենք այս դահլիճում ընտրում ենք ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու։ Ամեն ինչից խոսեցինք, բացի բուն հարցից։ Մենք ընտրում ենք գլխավոր դատախազ, այլ ոչ թե փրկիչ։ Բերեցիք՝ ամեն ինչը կապեցիք գլխավոր դատախազի ապագա ընտրության հետ։ Գևորգ Կոստանյանի մասով՝ ի՞նչ եք ընկել բանի հետևից՝ ասեք, ասեք, ասեք։ Պաշտոնական տարբերակն ասվել է, հնարավոր չի՞, որ մարդն առողջական պատճառով հեռանա։ Ինձ այնպես թվաց, որ մենք ոչ թե ԱԺ-ում ենք, այլ բժշկական լաբորատորիայում,- ԱԺ-ում արտահերթ ելույթի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ նկատելով, որ Կոստանյանը կիրթ անձնավորություն էր,- Նրա պաշտոնավարման շրջանում Գլխավոր դատախազությունում բազում դրական արդյունքներ են գրանցվել»։

Իսկ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանի մասով նշեց, որ գործ ունենք մի մարդու հետ, որը պրոֆեսիոնալ է. «Ինձ դժվար որևէ մեկը քծնանքի մեջ մեղադրի, որովհետև ինչ մտածում եմ՝ ճակատին ասում եմ։ Ես ասում եմ՝ գործ ունենք սկզբունքային գործչի հետ, մարդ, ով տիրապետում է Դատախազության պլյուսներին ու մինուսներին, գիտի իր վրա դրված պարտավորությունները, սպասելիքները և այն ճանապարհը, թե ինչպես պետք է լուծել ու դիմակայել այդ խնդիրներին»։

Ըստ Շարմազանովի՝ Դատախազության համակարգում համակարգային կոռուպցիան գրեթե գոյություն չունի. «Ինչո՞ւ սրա մասին չենք խոսում, ժողովուրդ ջան, թե՞ մենք միշտ սովորել ենք վատն ասել։ Այդ վատը բոլորս գիտենք։ Այստեղ բոլորդ հաղորդումներ էիք տալիս, բայց ոչ մեկդ կոնկրետ բան չասացիք։ Եթե հանցագործների տեղը գիտեք, ցուցմունք եք տալիս, ես՝ որպես ԱԺ փոխնախագահ, պահանջում եմ՝ գնացեք՝ ցուցմունք տվեք, եթե հանցագործության և կոռուպցիայի տեղը գիտեք։ Ես հեռու եմ այն մտքից, որ Դատախազությունում խնդիրներ չկան, որ մեզ մոտ ամեն ինչ լավ է, բայց պետք է համեմատել Դատախազության այսօրվա ու նախկին վիճակները։ Առաջընթաց կա։ Թեկնածուն ներկայացրեց այն ծրագիրը, որով, ընտրվելու դեպքում, կառավարելու է Գլխավոր դատախազությունը, եկեք սրա մասին խոսենք՝ բավարարո՞ւմ է մեզ թեկնածուի տեսլականը, սկզբունքները, գիտելիքները, կամքը, թե՞ ոչ։ Արթուր Դավթյանը կարո՞ղ է այդ մեծ բեռն իր վրա տանել, թե՞ ոչ. սրա մասին պետք է խոսել»։

Վերջում Ա. Դավթյանին վստահեցրեց, որ բոլոր այն պաշտոնյաները, ովքեր ցանկանում են Սահմանադրությամբ իրենց վրա դրված պարտականությունները կատարել, իրենք սատարելու են։

Տեսանյութեր

Լրահոս