«Ո՞նց անենք, որ Դուք ավելի պաշտպանված լինեք». Միքայել Մելքումյանը՝ Արթուր Դավթյանին
«Դուք, որ եկել եք Գևորգ Կոստանյանի փոխարեն, ի՞նչ եք անելու, որ նա չի արել։ Եթե ինչ-որ գործընթացում Դուք պատրաստվում եք պահել սկզբունքայնությունը, և լինում է, պայմանական ասած, քաղաքական որոշում, կարողանալո՞ւ եք պահպանել Ձեր սկզբունքայնությունը, իհարկե՝ ոչ։ Ո՞նց անենք, որ Դուք ավելի պաշտպանված լինեք։ Ձեր պաշտպանված լինելու հանգամանքը համարում եմ առանցքային խնդիր։ Բայց դա միայն Ձեզ չի վերաբերում, ամբողջ համակարգում պետք է փոփոխություններ անենք։ Մենք ունենք քաղաքական մեծամասնություն, փոխվում է կառավարություն, փոխվում է գլխավոր դատախազ, հիմա քաղաքական մեծամասնությունը դերակատարություն ունի՞ այդ փոփոխության մեջ, թե՞ նա դիտորդ է, նայում է այդ փոփոխությունը, և ինչ կհրամցնեն՝ ինքն արձանագրում է»,- այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ դիմելով գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանին՝ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։
Նա նկատեց, որ լինում են պարզ վեճեր, որոնք դատարաններում երկար ժամանակ լուծում չեն գտնում, և Ա. Դավթյանին հարցրեց՝ Դուք կարողանալո՞ւ եք այդ պարզ վեճերը լուծել. «Մարդը տեսնում է, որ դատարանը որոշում չի կայացնում, հիասթափվում է, այսինքն՝ կա՞ մեխանիզմ, որպեսզի դատարանի ճիշտ որոշումները կայացնելու համար Դուք դերակատարում ունենաք։ Ես բերել եմ ՔՕ 195 հոդվածը, որը կոչվում է՝ հակամրցակցային գործունեություն, որևէ անգամ ՀՀ-ում որևէ քրեական գործ չի հարուցվել հակամրցակցային գործունեության՝ մենաշնորհների համար։ Դուք ունենալո՞ւ ենք այն իրավունքը կամ «դուխը», որ այդ մենաշնորհների դեմ պայքարում կարողանաք ասել՝ այսպես կամ այնպես։ Իհա՛րկե ոչ։ Ամբողջ կառավարությունը չկարողացավ, Դուք ո՞նց եք կարողանալու։ Բայց ես առաջարկում եմ Ձեզ՝ հանդես գալ ոչ թե շինարարի, այլ ճարտարապետի մտածողությամբ»։