«Գլխավոր դատախազ ընտրվելու դեպքում արդյո՞ք պատրաստվում եք Սերժ Սարգսյանի նկարը կախել Ձեր գլխավերևում». Նիկոլ Փաշինյանը՝ Արթուր Դավթյանին

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում  ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանին մի քանի հարց ուղղեց։

Քաղբանտարկյալների մասով Փաշինյանը մեջբերեց Ա. Դավթյանին, որն ասել է, թե Հայաստանում քաղաքական բանտարկյալներ չկան։

«Իսկ քաղաքական չբանտարկյալներ կան՞, թե՞ ոչ»,- հարցրեց պատգամավորը՝ պարզաբանելով, որ, եթե քաղաքական բանտարկյալ է համարվում նա, ում քրեական պատասխանատվության են ենթարկում քաղաքական դրդապատճառներով, հետևաբար, քաղաքական չբանտարկյալ պետք է համարվի նա, ում քրեական հետապնդման չեն ենթարկում՝ էլի քաղաքական պատճառներով, օրինակ, որ Սերժ Սարգսյանի հետ ունի անձնական մտերիմ հարաբերություններ, նրան տարբեր ծառայություններ է մատուցել. «Ձեզ նման դեպքեր հայտնի՞ են»։

Պատգամավորի երկրորդ հարցը վերաբերում էր ՀՔԾ քննիչի սենյակում իր տեսած նկարին.

«Այս վերջերս, հանգամանքների բերումով, եղել էի Հատուկ քննչական ծառայությունում, և տրամաբանական չթվաց, որ ՀՔԾ քննիչի սենյակում կախված է Սերժ Սարգսյանի նկարը։ ՀՔԾ-ն անկախ մարմին է, դուք էլ նշեցիք, որ Դատախազությունն անկախ մարմին է։ Ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ ՀՔԾ քննիչի սենյակում Սերժ Սարգսյանի նկարն է կախվում, Դուք, գլխավոր դատախազ ընտրվելու դեպքում, արդյոք պատրաստվո՞ւմ եք Սերժ Սարգսյանի նկարը կախել Ձեր գլխավերևում։  Երրորդ՝ գլխավոր դատախազն իր պաշտոնին հրաժեշտ տվեց՝ պատճառաբանելով առողջությունը, Ձեր առողջական վիճակն ինչպիսի՞ն է, կարո՞ղ է շատ շուտով պարզվի, որ Դուք էլ առողջական խնդիրներ ունեք ու պետք է հրաժարական տաք»։

Այս հարցադրումներին ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր  Դավթյանը պատասխանեց.

«Քաղաքական բանտարկյալների մասով կրկին վերահաստատում եմ իմ մոտեցումը. անձանց քրեական հետապնդման կամ նրանց նկատմամբ խափանման միջոցներ ընտրելու հարցում մեր ամենօրյա աշխատանքում հաշվի են առնվում միայն օրենքով նախատեսված հիմքերը։ Բայց, այդ խնդրի առնչությամբ, այո, կարող եմ մտահոգվել, որ կարող է այդպիսի տարածված կարծիք լինել։ Անելիքներ ունենք ավելի հրապարակային աշխատանք իրականացնելու։

Նկարի առումով, այո, ՀՀ գլխավոր դատախազի աշխատասենյակում փակցված է ՀՀ նախագահի նկարը, և ենթաօրենսդրական ակտերի ուսումնասիրությունը, կարծում եմ, Ձեր հարցի համապատասխան պատասխանը կտա։

Շնորհակալ եմ իմ առողջական վիճակով հետաքրքրվելու համար, թեև հասկանում եմ՝ ինչի մասին է խոսքը։ Ես առողջ եմ և աշխատելու եմ, որ առողջ մնամ, որպեսզի իմ պարտականությունները, որոնք պատրաստվում եմ ստանձնել, իրականացնեմ»,-պատասխանեց Ա. Դավթյանը։

Փաշինյանն այսպես արձագանքեց. «Ես ուղղակի տեղյակ եմ, որ Գևորգ Կոստանյանը շատ ակտիվ այցելում էր սպորտային դահլիճներ, բայց դա նրան չօգնեց առողջությունը պահպանել։ Համապատասխան ենթաօրենսդրական ակտի մասին մանրամասնեք։ Հետո, Դուք անընդհատ խոսում եք հրապարակային աշխատանքի մասին, բայց համացանցում նայել եմ, առաջին հարցազրույցը տվել եք գլխավոր դատախազի թեկնածության ժամանակ, կամ համենայնդեպս, հրապարակայնության հարցում առանձնապես ակտիվ չեք եղել»։
Ա. Դավթյանն ի պատասխան՝ ասաց, որ առաջին անգամը չէ, երբ փորձել է իր գործունեությունը հրապարակավ ներկայացնել. «Ինչ վերաբերում է ենթաօրենսդրական ակտին, ես դա Ձեզ գրավոր կուղարկեմ, պարոն Փաշինյան»։

Տեսանյութեր

Լրահոս