«Համաներման կիրառումը բխում է հենց իշխանության շահից». Զարուհի Փոստանջյան
Այսօր «Սասնա ծռեր» զինված խմբավորման աջակիցները բողոքի ակցիա էին իրականացնում Ազգային ժողովի Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ՝ պատգամավորներից պահանջելով ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին: Սակայն պատգամավորներն անտարբեր անցնում էին նրանց կողքով:
Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի բռնած պաստառի վրա գրված էր՝ «Կորչի ՀՀԿ-ն իր համակիր ընդդիմադիրներով» և «Ամոթ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորներին»:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը լրագրողների հետ զրույցում դժգոհեց պատգամավորների անտարբերությունից.
«ԱԺ պատգամավորները պետք է, որ ինչ-որ ձևով արձագանքեն այս ամենին, քանի որ ամռանը նույնիսկ խորհրդարանն արտահերթ նիստ չգումարեց և անդրադարձ չկատարեց ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձություններին և քաղաքական ճգնաժամին»:
Անդրադառնալով ՀՀ անկախության 25-ամյակի առիթով սպասվող համաներմանը՝ Զ. Փոստանջյանը նշեց, որ դեռևս նման նախագիծ չի շրջանառվում, սակայն, իր կարծիքով, այն պետք է լինի լայնածավալ, քանի որ բանտերը լցված են հանիրավի բանտարկյալներով.
«Համաներում պետք է կիրառվի քաղաքական պատճառներով բանտում գտնվողների նկատմամբ` Շանթի և իր ընկերների, «Սասնա ծռերի», Վոլոդյա Ավետիսյանի, Գևորգ Սաֆարյանի: Բոլորի, բավ է, որ բանտախցերում քաղաքական հայացքներով քաղաքացիներ ունենանք: Համաներման կիրառումը բխում է հենց իշխանության շահից»: