«Նաիրիտով» հետաքրքրված միջազգային հոլդինգի պատվիրակությունը հետաձգել է այցը ՀՀ. Պատճառը վարչապետի հրաժարականն է

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը շատ հիասթափեցրել է նաիրիտցիներին: Խնդիրն այն է, որ գործարանի վերագործարկման հարցերը քննարկելու համար պետք է Հայաստան ժամանեին և սեպտեմբերի 13-ին վարչապետի հետ հանդիպեին «EU-ASIA Business Finance Centre» միջազգային հոլդինգի ներկայացուցիչները, որոնք պատրաստ են ներդրումներ անելու գործարանում: Հանդիպման մասին պայմանավորվածությունն արդեն ձեռք էր բերվել, այցելության նախապատրաստական աշխատանքներն իրականացվել էին, ավիատոմսերը գնվել և այլն: Սակայն Հ.Աբրահամյանի հրաժարականը նրանց անակնկալի է բերել և անորոշ ժամանակով հետաձգել այցը:

Այսօր կառավարության շենքի մոտ կրկին բողոքի ակցիայի հավաքված նաիրիտցիները հայտարարեցին, որ ցույցերը չեն դադարեցնելու, շարունակելու են հավաքվել և պահանջել «Նաիրիտի» վերագործարկում: Հոլդինգի պատվիրակությունը, նաիրիտցիների խոսքով, հավանաբար Հայաստան կայցելի հոկտեմբերի առաջին տասնօրյակում՝ նոր վարչապետի հետ հանդիպման մասին պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո:

Ավելի վաղ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը հաստատել էր, որ «EU-ASIA Business Finance Centre» հոլդինգից իսկապես ստացվել է գրություն այն մասին, որ պատրաստ են ֆինանսավորել և վերաթողարկել «Նաիրիտի» ացետիլենային և բութադիենային կաուչուկի արտադրամասը, ինչպես նաև կազմակերպել մարքետինգի և արտադրանքի ամբողջական իրացման աշխատանքները, սակայն հավելել էր, որ որևէ հիմնավոր ծրագիր չեն ստացել։ Ըստ նախարարի՝ հոլդինգը ցանկություն ունի 1 եվրոյով գնել «Նաիրիտը», առաջին փուլում իրականացնել 20 մլն դոլարի ներդրումներ և վերականգնել արտադրությունը, հետագայում ներդնել ևս 150 մլն դոլար։

Տեսանյութեր

Լրահոս