Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին դատի են տվել

ՀՀ Մշակույթի նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը քաղաքացիական հայց է ներկայացրել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ Մշակույթի նախարարության, որով հայցվորը պահանջել է անվավեր ճանաչել նախարար Հասմիկ Պողոսյանի հրամանը: Այսօր այս մասին մամուլում տարածված տեղեկությունները ճշտելու և մանրամասներին ծանոթանալու նպատակով 168.am-ը կապ հաստատեց հայցվորի՝ Մշակույթի նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանի հետ: Պարոն Աբրոյանի հետ հեռախոսազրույցը ներկայացնում ենք առանց խմբագրման.

– Պարոն Աբրոյան, ըստ այսօր մամուլում տարածված տեղեկությունների՝ Դուք դատի եք տվել Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին:

– Խոսքը վերաբերում է աշխատանքային իրավահարաբերությունների խնդրին, որով ես բողոքարկել եմ իմ նկատմամբ կիրառված խիստ նկատողություն-տույժը: Դա կարող է լինել «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով ծառայողական քննությամբ, կամ դատական կարգով և իրենից ներկայացնում է աշխատանքային գործընթաց: Կարծում եմ, որ հանրային հնչեղության կարիքը չկա, դրանով ավելի կսրվեն և կլարվեն որևէ հարաբերություն:

– Որևէ բան սրելու կամ լարելու միտում լրատվամիջոցը չի հետապնդում, մենք ճշտում ենք մեզ հասած ինֆորմացիայի հավաստիությունը:

– Նախարար Հասմիկ Պողոսյանի հրամանով եղել է խիստ նկատողության, տույժի կիրառում: Ես դատական կարգով բողոքարկել եմ հրամանը: Սա աշխատանքային գործընթաց է, որ կարող է պատահել ամեն օր, յուրաքանչյուր քաղծառայողի հետ:

– Փաստորեն, Դուք համամիտ չեք եղել նկատողության բովանդակության հետ, բացի այդ, այսօր մամուլում այդ նկատողությունները բնութագրվել էին՝ իբրև անօրինական:

– Իմ նախաձեռնությամբ դատական պրոցես է սկսվել, ուրեմն համամիտ չեմ եղել դրանց հետ:

– Պարոն Աբրոյան, նույն աղբյուրի համաձայն՝ Դուք մեկ այլ հայցով դիմել եք դատարան՝ նախարարության աշխատակից Կարո Այվազյանին մեղադրելով փաստաթղթեր կեղծելու մե՞ջ:

– Ձևակերպումը սխալ է: Ես համապատասխան գրավոր փաստաթուղթ եմ ներկայացրել Դատախազություն, իսկ թե ինչի՞ համար, այս պահին չեմ կարող հրապարակել, որովհետև դա կարող է խոչընդոտել քննչական գորժողությունների ընթացքին:

Տեղեկացնենք, որ Մշակույթի նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանի քաղաքացիական գործով կայացել է 2 դատական նիստ, որոնցից վերջինը՝ այսօր: Գործը մակագրվել է դատավոր Ռուբեն Ներսիսյանին, ով 10.06.2016 թ. գործը վարույթ ընդունելու մասին որոշում է կայացրել: Նույն որոշմամբ նշանակվել է դատաքննություն՝ 20. 07.2016 թ. նիստը կայացել է:

Տեղեկացնենք նաև, որ 168.am-ը ցանկություն հայտնեց կապ հաստատել հայցվորի փաստաբան Նորայր Հակոբյանի հետ, ով, սակայն, նպատակահարմար չգտնելով՝ հրաժարվեց զրուցել լրատվամիջոցի հետ:

Արմեն Աբրոյանը Մշակույթի նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ է նշանակվել  2012 թվականից:

Տեսանյութեր

Լրահոս