Բաժիններ՝

Ցանկանում են փոխել կրթության ոլորտը

Պատգամավոր Թևան Պողոսյանն առաջարկում է կրթական ոլորտում միասնական պետական քաղաքականություն, կրթության բնագավառում պետական քաղաքականության միասնական չափանիշներ սահմանել և բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության պայմանների ու պահանջների հավասար դաշտ ապահովել:

Այսօր ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Թ.Պողոսյանը ներկայացրեց «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» իր նախագիծը: Ըստ նրա` օրինագծի ներկայացումը պայմանավորված է կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներով, բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության և ուսումնառության կազմակերպման խնդիրների կարգավորմամբ, և պետք է հավասար դաշտ ստեղծել ստացիոնար ու հեռակա դիմորդների համար:

«Սովորելը պետք է չլինի դժվար, պետք է լինի հետաքրքրիր: Այստեղ քաղաքականությունը պետք է հետաքրքրությունը դնենք, լաբորատորիաներ ձևավորենք, չունենանք սովետական լեկցիաներ գրելու խնդիրները, ուսանողն աշխատատեղից հետ գնա, եթե հասկանա, որ սա չէ իր ուզած մասնագիտությունը, դուրս գա, գնա ուրիշ տեղ: Ուսանող-դասախոս հարաբերությունները պետք է ազնիվ լինեն, ծանոթներով չպետք է քննություն ստանան»,- ասաց Թ.Պողոսյանը:

ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը նկատեց, որ օրինագիծը եթե ընդունվի, շատ կարճ է ծառայելու, քանի որ նպատակ կա քննական համակարգը փոխելու:
ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի խոսքով` կառավարությունն իր հերթին՝ փոփոխություններ է մշակում «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում, որն ԱԺ կներկայացվի նոյեմբերին: Ըստ նրա` օրինագծով պարտադիր է լինելու, որ գոնե մեկ առարկայի համար միասնական քննություն մնա, քննարկվում է, որ առաջին հայտի գերակայությունը պահվի: Լ.Մկրտչյանի կարծիքով` նախարարությունը պետք է առավելապես վերահսկողի դերում լինի, իսկ բյուրոկրատական աշխատանքը պետք է մնա բուհերին:

Նախարարը նշեց, որ պետք է այն երեխաները, որոնք հավելյալ ծախս անելու հնարավորություն չունեն, սոցիալական փաթեթով կարողանան ընդունվել բուհ:
Օրինագիծը, ի վերջո, դրական եզրակացությամբ ներառվեց ԱԺ մեծ օրակարգ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս