«Իրական դաշտում Ադրբեջանը խանգարում է». Շավարշ Քոչարյան

«20 տարուց ավելի է, մենք այս գործընթացի մեջ ենք, պարբերաբար լինում են հանդիպումներ: Խնդիրը կայանում է նրանում, որ մենք չենք արձանագրում առաջընթաց մի շատ պարզ պատճառով` կողմերից մեկը` Ադրբեջանը, նույնիսկ այն պայմանավորվածությունները, որ լինում են բանակցային սեղանի շուրջ, կոպտորեն խախտում է: Դրա վառ վկայությունն այս վերջին Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումներն են, որտեղ խոսվել է և պարտավորություն է վերցվել, որպեսզի շփման գծում ամրապնդվի կրակի դադարեցման ռեժիմը: Սակայն իրական դաշտում Ադրբեջանը խանգարում է»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը` խոսելով սեպտեմբերի 8-ին Մոսկվայում կայանալիք՝ ԼՂ հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների խորհրդակցությունների մասին:

Ըստ նրա` ակնկալիք կարող է լինել այն դեպքում, երբ Ադրբեջանը փոխի իր դեստրուկտիվ մոտեցումը: «Ի՞նչ է նշանակում՝ բանակցություն չկա: Բանակցություն` ինչի՞ շուրջ: Հիմա բանակցում ենք, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները կյանքի կոչվեն: Քանի սադրում են, անհնար է արդեն, որ կարգավորման շուրջ բանակցություններում ձեռք բերվի առաջընթաց»,- ասաց փոխնախարարը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս