Ինչի՞ հիման վրա պետք է անազատության մեջ պահեին Միրոնովին

Հայաստանի Հանրապետությունն ու Ամերիկայի Միացյալ Նահանգներն իրավական փոխօգնության մասին փաստաթուղթ չունեն, և, եթե ամերիկյան կողմը չի ներկայացնում համապատասխան հիմնավորումներ, ՀՀ-ն պարտավոր էր ազատ արձակել միջազգային հետախուզման մեջ գտնվող Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Միրոնովին, այսինքն՝ դատարանի որոշումն իրավաչափ էր: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Էդմոն Մարուքյանը:

Ավելի ճշգրիտ տեղեկությունների համար նա խորհուրդ տվեց դիմել Արդարադատության նախարարություն:

«Ժամկետներ կան, որ, եթե չեն ներկայացնում համապատասխան հիմքերը, մարդուն պետք է ազատ արձակեն: Այլապես ինչի՞ հիման վրա անազատության մեջ պահեն»,- ասաց Է.Մարուքյանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին Երևանի օդանավակայանում ձերբակալվել էր ռուսաստանցի, ՏՏ ոլորտի մասնագետ Սերգեյ Միրոնովը, որի նկատմամբ ԱՄՆ-ի հարցմամբ միջազգային հետախուզում է հայտարարված: Ամերիկյան իշխանությունները նրան կասկածում են զենքի առևտրի մեջ, սակայն կալանավորումից հետո 3 օրվա ընթացքում ԱՄՆ-ը չի ուղարկել կամ կալանավորման մասին որոշումը, կամ միջնորդությունը, արդյունքում՝ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն օգոստոսի 29-ին մերժեց Հայաստանի Գլխավոր դատախազության միջնորդությունը՝ Միրոնովին կալանավորելու մասին:

Տեսանյութեր

Լրահոս