«Իշխանությունն ինքը ևս շատ քաջ գիտակցում է բարեփոխումների անհրաժեշտությունը». Սամվել Նիկոյանի պատասխանը Ռոբերտ Քոչարյանին
«Այն, որ մեր երկրում անհրաժեշտ են բարեփոխումներ, որևիցե մեկը չի կասկածում: Եվ բարեփոխումներն ընդհանուր առմամբ յուրաքանչյուր պետության մեջ ամենօրյա, պարբերաբար իրականացվող աշխատանքներ են: Իշխանությունն ինքը ևս շատ քաջ գիտակցում է բարեփոխումների անհրաժեշտությունը, գնում և գնալու է այդ ճանապարհով: Եթե մինչև հիմա այդ տեմպերը, անկեղծ ասած, իմ կարծիքով, նաև հասարակությանը չի բավարարել, իշխանությունը, բնականաբար, ավելացնում է բարեփոխումների տեմպերը»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախկին խոսնակ, ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանը՝ մեկնաբանելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ «Ազատություն» ռ/կ-ի հետ հարցազրույցում արտահայտած միտքը, թե հասարակության արձագանքը «Սասնա ծռերի» գործողությանը ցույց է տալիս, որ երկիրն ապրելու է վառոդի տակառի վրա, եթե արմատական ռեֆորմներ չիրականացվեն:
Նրա կարծիքով՝ որևէ խնդիր չկա փոփոխություններ իրականացնելու հարցում, ուղղակի դրանք ժամանակի մեջ պետք է իրականացվեն. «Հեղափոխական փոփոխությունները շատ կարճ ժամանակում և գլոբալ, դա որևիցե մեկին և պետությանն օգուտ չեն բերելու: Բարեփոխումներ միանշանակ լինելու են, և դրանում մեր հասարակությունը կհամոզվի մոտակա ամիսների ընթացքում»: