«Հասարակական հայտնի գործչին արտաքսելը ռազմավարական գործընկերոջ կողմից ինքնին արդեն շատ խոսուն է». Էդմոն Մարուքյան

«Ստեփան Գրիգորյանի արտաքսումը Ռուսաստանից դատապարտելի է: Նրա համագործակցությունը միջազգային կառույցների հետ, կամ գործունեությունը Հայաստանում Ռուսաստանի հետ որևէ կապ չունի: Ռուսաստանի համար, ես չեմ պատկերացնում, թե ինչ չափանիշներով կարող է Գրիգորյանը ճանաչվել ոչ ցանկալի անձ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Էդմոն Մարուքյանը՝ մեկնաբանելով օրերս «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային կենտրոնի» ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ կատարվածը Մոսկվայի օդանավակայանում:

Ըստ նրա՝ այստեղ Հայաստանի Հանրապետությունը պետք է իր քաղաքացու շահերը պաշտպանի, համապատասխան նոտա հղի ՌԴ նախարարություն, պարզաբանումներ պահանջի, և այլն:

«Մեր դեսպանն արդեն պարզաբանում պահանջել է: Ռուսները կարող են ասել, որ շփոթմունք է եղել, բայց հասարակական հայտնի գործչին արտաքսելը ռազմավարական գործընկերոջ կողմից ինքնին արդեն շատ խոսուն է»,- ասաց Է.Մարուքյանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ին Մոսկվայի «Շերեմետևո» օդակայանում Գրիգորյանին ռուս սահմանապահները թույլ չէին տվել դուրս գալ օդանավակայանի տարածքից: Ինչպես նամակում նշել էր քաղաքագետը, նրա ձեռքից վերցրել են անձնագիրն ու նրան զրկել ազատ տեղաշարժվելու հնարավորությունից: Ապա՝ ետ են ուղարկել՝ տեղեկացնելով, որ վերջինիս մուտքը Ռուսաստան արգելած է մինչև 2030 թվականը: Ստեփան Գրիգորյանի համոզմամբ՝ իրեն արտաքսել են քաղաքական դրդապատաճառներով:

Տեսանյութեր

Լրահոս