
Արմեն Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել ԴԱՀԿ ծառայության Արմավիրի բաժնում

Մարզային այցելությունների շրջանակում սեպտեմբերի 2-ին ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանն աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի մարզ։ Բաղրամյանի և Էջմիածնի տարածաշրջանային բաժանմունքներում ծառայության ղեկավարին ներկայացվել են ստորաբաժանումների աշխատանքները, առկա խնդիրները։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ապահովող ծառայության միջազգային հարաբերությունների և հասարակայնության հետ կապերի բաժնից, մարզային բաժնում՝ Արմավիրում, անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում ընդգծվել են ծառայության առջև դրված խնդիրների անխափան կատարման կարևորությունն ու գործունեության արդյունավետության բարձրացման առաջնահերթությունները։ «Իրականում հարկադիր կատարողի առաքելությունը բարդ է և պարտավորեցնող։ Այն պահանջում է և՛ մասնագիտական պատշաճ գիտելիքներ, և՛ պատասխանատվության բարձր զգացում, և՛ նվիրվածություն ու նրբանկատություն։ Ձեր ամենօրյա աշխատանքում ըմբռնումովմոտեցեք քաղաքացիների խնդիրներին՝ հավատարիմ մնալով ձեր կոչմանը»,ընդգծել է Ծառայության ղեկավարը։
Ամփոփելով խորհրդակցությունը՝ Արմեն Հարությունյանը ևս մեկ անգամ նշել է աշխատանքում յուրաքանչյուր հարկադիր կատարողի նախաձեռնող լինելու կարևորությունն ու տվել համապատասխան հանձնարարականներ։