«Մենք այդ հարցով զբաղվում ենք». Շավարշ Քոչարյանը՝ ՌԴ-ից Ստեփան Գրիգորյանի արտաքսման մասին
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շարունակում է զբաղվել քաղաքագետ Ստեփան Գրիգորյանին Ռուսաստան մուտք գործելու արգելանքի հարցով:
«Մենք այդ հարցով զբաղվում ենք, արդյունքների մասին տեղյակ կպահենք»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
Նա չպատասխանեց հարցին, թե արդյո՞ք քաղաքական ենթատեքստ կա Ս. Գրիգորյանի արտաքսման հիմքում: «Այլ հարցեր կա՞ն»,- եզրափակեց Շ.Քոչարյանը:
Միգրացիայի պետական գործակալության պետ Գագիկ Եգանյանի կարծիքով՝ յուրաքանչյուր երկիր իր օրենքներով է շարժվում, իր խնդիրներն է լուծում և պետք է վերլուծել այդ օրենքը: Եգանյանը նույնպես չպատասխանեց, թե արդյոք քաղաքական ենթատեքստ կա՞ այս հարցում՝ հիմնավորելով, թե գործի մանրամասներին ծանոթ չէ: Ամեն դեպքում, Գ.Եգանյանը դրական արտահայտվեց Ս.Գրիգորյանի անձի մասին:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նշեց, որ պետք է կապ հաստատի Ս.Գրիգորյանի հետ, քանի որ այս պահին որևէ դիմում-բողոք չունեն:
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանին, հիշեցնենք, Ռուսաստանի Դաշնություն մուտք գործել արգելվել է օգոստոսի 30-ին, երբ առավոտյան 08:00-ին նա ժամանել է Մոսկվայի Շերեմետևո օդանավակայան 2014թ․-ի ն Ռուսաստանում հողին հանձնված հոր՝ Գևորգ Գրիգորյանի, գերեզմանին այցելելու նպատակով, որի համար նա ունեցել է ընդամենը 10 ժամ, քանի որ նույն օրը գիշերը պետք է վերադառնար Երևան։ Սակայն Գրիգորյանին ձերբակալել են ռուս սահմանապահները և տեղեկացրել, որ նրա մուտքը ՌԴ արգելված է մինչև 2030թ.։ Դրա համար հղում է արվել «Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու կարգի մասին» դաշնային օրենքին, որի 26-րդ հոդվածի 9-րդ կետով վտարվում են այն օտարերկրյա քաղաքացիները, որոնք մասնակցում են Ռուսաստանի տարածքում անցանկալի միջազգային կազմակերպությունների գործունեություններին։
Մանրամասները՝ տեսանյութում: