Մանուել Նոյերը ստանձնել է Գերմանիայի հավաքականի ավագի պարտականությունները
Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագի պարտականությունները ստանձնել է թիմի դարպասապահ Մանուել Նոյերը: Ինչպես հաղորդում է Գերմանիայի ֆուտբոլային միության պաշտոնական կայքը, այս մասին հայտնել է Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը:
«Մենք մի քանի ֆուտբոլիտներ ունեինք, ովքեր կարող էին ստանձնել ավագի պարտականությունները: Ես որոշեցի, որ ավագի թևկապը Նոյերին հանձնելը տրամաբանական քայլ է: Մանուլը ունի բոլոր հատկանիշները թիմի ավագը լինելու համար»,- ասել է Լյովը:
Գերմանիայի ազգային հավաքականի նախկին ավագ Բաստիան Շվայնշտայգերը օգոստոսի 31-ին Ֆինլանդիայի դեմ ընկերական խաղում իր հրաժեշտի հանդիպումն է անցկացրել հավաքականի կազմում: Այդ խաղում Գերմանիան հաղթել է 2:0 հաշվով: Բաստիան Շվայնշտայգերը խաղադաշտ է դուրս եկել Գերմանիայի հավաքականի մեկնարկային կազմում և փոխարինվել է 68-րդ րոպեին: