Կրեմլում հերքել են Ուզբեկստանի նախագահի` Մոսկվայում բուժում ստանալու լուրերը
Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը բուժվելու նպատակով Մոսկվա չի ժամանել: Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն, այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Պեսկովը նաև հայտարարել է, որ տեղեկություններ չունի ռուս բժիշկների` Ուզբեկստան մեկնելու մասին: «Ես կարող եմ հաստատել, որ Իսլամ Քարիմովը Մոսկվա չի ժամանել, իսկ ինչ վերաբերվում է լուրերին, թե ռուս բժիշկներ են մեկնել Ուզբեկստան, ես տեղեկություններ չունեմ»,- ասել է Պեսկովը:
Հանգստյան օրերին Ուզբեկստանի կառավարությունը հայտնել էր, որ 78-ամյա Քարիմովը ստացիոնար բուժում է անցնում, որի համար ժամանակ որոշակի կպահանջվի: Ավելի ուշ Քարիմովի դուստրը հստակեցրել է, որ նախագահը ուղեղի կաթվածից հետո գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: