Լարված կրքեր Ապարանում. ո՞ւմ է աջակցելու ՀՀԿ-ն

Ապարանի քաղաքապետի ընտրություններում առաջադրված թեկնածուների հետ կապված տարօրինակ վիճակ է ստեղծվել: Սեպտեմբերի 18-ին կայանալիք ընտրություններում պայքարն ընթանալու է 2 թեկնածուների՝ գործող քաղաքապետ Գոռ Աբրահամյանի և անկուսակցական գործարար Էդգար Փարվանյանի միջև: Խնդիրն այն է, որ ՀՀԿ-ի կողմից առաջադրվել էր Գոռ Աբրահամյանը, ով արդեն 12 տարի ղեկավարել է համայնքը, իսկ Էդգար Փարվանյանը, ով զբաղվում է կաթնամթերքի բիզնեսով, ինքնառաջադրվել է, սակայն ՀՀԿ-ի Արագածոտնի տարածքային կազմակերպության (ՏԿ) խորհրդի նախագահ Սարգիս Սահակյանի նախաձեռնությամբ որոշվել է, որ ՏԿ-ն պաշտպանում է Էդգար Փարվանյանին:

168.am-ը ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեց, թե ի՞նչ է կատարվում: «ՀՀԿ գործադիր մարմինը գոնե վերջին մի քանի նիստի ժամանակ Ապարանի ընտրությունների հարցը չի քննարկել: Դա մարզային կառույցի քննարկման հարցն է, և մարզային կառույցը պետք է քննարկի, որոշի ու ներկայացնի»,- ասաց Է. Շարմազանովը:

ՀՀԿ կազմակերպչական բաժնի վարիչ Ռուբեն Թադևոսյանը չցանկացավ մեկնաբանել խնդիրը և հորդորեց դիմել ՀՀԿ Արագածոտնի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ Սարգիս Սահակյանին: Վերջինս, սակայն, կտրականապես հրաժարվեց պատասխանել հարցերի:

Գոռ Աբրահամյանը մեզ տեղեկացրեց, որ Ընտրական օրենսգրքի 133 հոդվածով համայնքի ղեկավարին իրավունք ունի առաջադրելու տարածքային կազմակերպությունը, իսկ տարածքայինը, ըստ նրա, շրջանայինն է, և մարզային կազմակերպությունն իրավունք չունի որևէ թեկնածու առաջադրելու: «ՀՀԿ-ի շրջանային կազմակերպությունը որոշում է կայացրել և առաջադրել է ինձ»,- ասաց նա:

Ապարանի քաղաքապետը, ով միաժամանակ նաև մարզային կազմակերպության նախագահի առաջին տեղակալն է, գտնում է, որ Սահակյանի դիրքորոշումը զուտ անձնական հողի վրա է, իսկ կուսակցության նախագահն աջակցում է իրեն:

«Մարզայինի նախագահը՝ Սահակյան Սաքոն, գաղտնի, առանց իմ գիտության ու առանց ինձ տեղյակ պահելու, իրա համախոհներով հավաքվել ա, նման բան ա արել, որ պաշտպանում ա մյուս թեկնածուին: Ես առաջադրվել եմ ՀՀԿ-ի կողմից, ինքը որոշել ա, որ պաշտպանում ա Էդգար Փարվանյանին: Այսինքն՝ կուսակցությունն ինձ առաջադրել է օրենքով, իսկ ինքն իր յուրայիններով հավաքվել, մարդկանց ահաբեկելով, բա թե՝ ես նախագահի անունից եմ խոսում, ո՞ր մեկդ ա նախագահին դեմ գնում, և այլն, մարդկանց բան ա արել… բա ես պաշտպանում եմ Էդգար Փարվանյանին: Սա է եղել ամբողջ ճշմարտությունը: Կուսակցության գրասենյակը տեղյակ է, նաև նախագահն է տեղյակ դրանից, որը պաշտպանում է իմ թեկնածությունը:

ՀՀԿ նվիրյալին թողել, ինչ-որ անկուսակցական, որը ժամանակին նախագահական ընտրություններում Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբն էր ղեկավարում, նույն էդ գործարար Էդգար Փարվանյանը, էսօր դառել ա… Սահակյան Սաքոն ինձ հետ անձնական խնդիրներ, ամբիցիաներ ունի և էդ բոլորը անձնական ամբիցիաների վրա ա ծավալում ինքը: Կուսակցության հետ դա ոչ մի կապ չունի, կուսակցությունն օրենքի համաձայն՝ առաջադրել ա ինձ: Իմ բոլոր ընտրությունները մաքուր անցել են, հիմա էլ ժողովուրդը կընտրի նրա՞ն, ով եկել-կանգնել ա 2 ապարանցու արանք: Ժողովուրդը կընտրի՞ ինձ, թող ընտրի, չի՞ ընտրի ինձ, թող ընտրի երիտասարդին»,- ասաց Գոռ Աբրահամյանը::

Թե կուսակցության վերադաս մարմնից ինչ սպասելիքներ ունի, Գ. Աբրահամյանը նշեց, որ պետք է Սահակյանին հրավիրեին, հարցը քննարկեին, բայց թե ինչ է եղել՝ տեղյակ չէ. «Անկեղծ ասած՝ էդ բաներից հոգնել եմ, ես իմ աշխատանքն եմ կատարում, լիքը խնդիրներ կան էս քաղաքում, ես զբաղված եմ իմ գործերով, շտաբը զբաղվում է էդ գործերով: Շրջանային կազմակերպության որոշումը չի փոխվել»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ապարանում ինքնառաջադրված ՀՀԿ-ական Տիգրան Եղիազարյանը և անկուսակցական գործարար Տիգրան Հովհաննիսյանն իրենց թեկնածությունները հանել էին:

Մենք նաև կապ հաստատեցինք Ապարանի քաղաքապետի թեկնածու Էդգար Փարվանյանի հետ: Վերջինս, նախ, հերքեց Ապարանի գործող քաղաքապետ և քաղաքապետի թեկնածու Գ. Աբրահամյանի այն խոսքերը, թե ինքը ժամանակին, նախագահական ընտրություններում ղեկավարել է Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբը: Ապա, անդրադառնալով գործող քաղաքապետ Գոռ Աբրահամյանի գործունեությանը և կրկին առաջադրվելուն, ավելացրեց. «Կարծում եմ՝ 12 տարին բավականին երկար ժամանակահատված է փոփոխություններ կատարելու համար։ Նոր մոտեցումներ և նոր գաղափարներ իրագործելու ժամանակն է և ոչ թե տեղում դոփելու և անընդհատ նույնը կրկնելու»:

Տեսանյութեր

Լրահոս