«Երևի ամուսնությունն էլ շուտով ընտրությունով չլինի. ոստիկանապետը կգա՝ կասի՝ ով ում հետ ամուսնանա». Ազատ Արշակյան

«Գյումրիում և Վանաձորում սպասվում են շատ ակտիվ ու հետաքրքիր ընտրություններ: Ցուցակները շատ հետաքրքիր ու խայտաբղետ են և նաև շատ մեծ թիվ են կազմում: Օրինակ՝ Գյումրիում ինչքան մարդ որ կարող է մասնակցել ընտրության, դրա մի տոկոսը թեկնածուներ են այս կամ այն ցուցակներում: Այնպես որ, կարծում եմ՝ առաջիկայում շատ ակտիվ քաղաքական ընտրություններ են սպասվում»,- այսօրվա ասուլիսին նման կարծիք հայտնեց ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:

ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը, սակայն, այլ կարծիքի է. «Ինչպես քաղաքական կյանքն է ապաքաղաքականացված, անհատները պայքարում են ռեսուրսների տիրապետելու համար, այնպես էլ ՏԻՄ ընտրությունների ժամանակ՝ նրանք իրենց գործը թողած՝ զբաղված են քաղաքական խնդիրներով. պարադոքս է»:

Հարցին՝ ՀՀԿ-ն անընդհատ խոստանում է ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ, բայց ՏԻՄ ընտրությունների նախնական ընթացքն արդեն ցույց տվեց, որ այդպես չեն լինելու, որովհետև, օրինակ, ԲՀԿ-ն ահազանգում է Մասիսում և Գյումրիում իր թեկնածուներին «նեղելու» մասին, ինչո՞ւ ՀՀԿ-ն չի փորձում իր խոստումները պահել, Սուքիաս Ավետիսյանն այսպես պատասխանեց.

«Բոլորն ուզում են՝ ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ լինեն, միայն ՀՀԿ-ն խոստանում է, մյուսները կողքից նայում են ու փորձում խանգարել: Նույն ԲՀԿ-ն, ահազանգելու փոխարեն, թող տեր կանգնի ազատ, արդար, թափանցիկ ընտրություններին: Ինչ ուզում ես՝ արա, բայց նա, ով չի ուզում, որ ընտրությունները լավը լինեն, ընտրություններից մի քանի ամիս առաջ խոսում են վատ ընտրությունների մասին, ընտրություններից հետո 4 տարի խոսում են խախտումների մասին: ԲՀԿ-ն այդպես մեղք չէ, որ Ոստիկանությունից կամ քրեական հեղինակություններից վախենա»:

Ազատ Արշակյանն այս իրավիճակի լուծումը համարում է ՀՀԿ-ի լուծարումը: Դիմելով Ս. Ավետիսյանին՝ ասաց. «Եթե գտնում եք, որ ձեր իշխանության օրոք կյանքը լավացել է, մի երկու բան թվարկեք՝ մարդիկ իմանան»:

«Շատ երկար կտևի»,- պատասխանեց Ս. Ավետիսյանը:

Անդրադառնալով Էջմիածնում սպասվող ընտրություններին՝ Ա. Արշակյանը նշեց. «Էջմիածնում ընտրություններ չկան, այնտեղ խանություն է: Այսպես խաներով իջնում ենք՝ մինչև ընտանիք: Երևի ամուսնությունն էլ շուտով ընտրությունով չլինի. ոստիկանապետը կգա՝ կասի՝ ով ում հետ ամուսնանա»:

Տեսանյութեր

Լրահոս