«Արցախի հարցը լուծված է». Ազատ Արշակյան
Օրերս Արցախում եղած ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն այսօրվա ասուլիսին նշեց, որ Արցախում ամեն ինչ բնական հունով է գնում, Արցախը կառուցապատվում, բարեկարգվում է և ապրում է իր առողջ կյանքով. «Հողեր հանձնելու, Ալիևի՝ համաշխարհային ֆոնդից մեկ միլիարդ դոլար վարկ խնդրելու, որ ԼՂՀ-ն գրավելուց հետո այն բարեկարգվի, խոսակցությունների մասին ԼՂՀ-ում ոչ լսել են, ոչ էլ ուզում են լսել: Ղարաբաղի օրակարգում Ալիևի հետ կապված որևէ խնդիր չկա: Ես նկատի ունեմ և՛ հասարակությանը, և՛ ղեկավարությանը: Արցախում հիմա բերքահավաք է, տնտեսությունն են բարեկարգում, քառօրյա պատերազմի հետևանքների վերացման կամ նման ավանտյուրայի դեմ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացնում, որ նման բան էլ չկրկնվի: Նրանք շատ լուրջ հետևություններ են արել քառօրյա պատերազմից հետո և շատ լուրջ աշխատանքներ են կատարում, որպեսզի դա չկրկնվի: Այսինքն՝ նրանք խաղաղության են պատրաստվում»:
Լրագրողի հարցին՝ այսինքն՝ Արցախի նախագահի վերջին հարցազրույցը թյուրըմբռնման առի՞թ տվեց, Ազատ Արշակյանը պատասխանեց. «Մեր հանդիպումների ժամանակ նրանց մոտ միանշանակ է եղել այն, որ Արցախի հարցը լուծված է: Արդեն 25 տարի է՝ Արցախի հարցը լուծված է: Արցախը հիմա պատկանում է իր տիրոջը, և, եթե կա խնդիր, դա արդեն Գետաշենի, Շահումյանի և մյուս շրջանների հետ է կապված»:
Նա տարածքների հանձնման հարցը բարձրացնելը սադրանք է համարում. «Ովքեր զիջումների, փոխզիջումների հարցը բարձրացնում են, ուղղակի սադրում են: Ես չգիտեմ՝ ի՞նչ նպատակ են հետապնդում: Նորից եմ կրկնում՝ Արցախի հարցը լուծված է: Միջազգային հանրության համար էլ Արցախի հարցն օրակարգային չէ. կա Ուկրաինայի հարցը, Սիրիայի հարցը և այլն: Ղարաբաղի հարցն աշխարհի առաջ դրված չէ»: