Շարմազանովը Հայաստանում զենքով հարց լուծելն անընդունելի է համարում

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է հուլիսին զինված խմբի կողմից Երևանում ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավմանը: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը Շարմազանովը նշեց, որ Հայաստանում բոլոր խնդիրները պետք է լուծվեն բացառապես օրենքի շրջանակներում: «Զենքով որևէ խնդիր չի կարելի լուծել: Եթե մեր երկրում որևէ մեկը շատ է ցանկանում իշխանափոխություն, դրա համար կա մեկ ճանապարհ՝ ընտրություններ: Սա իմ մասնավոր կարծիքն է: Ցանկացած երկրում ոստիկանին սպանելը ուղիղ կրակոց է տվյալ երկրի հասարակությանը, պետական ինստիտուտներին և պետությանը»,­ «Արմենպրես»­ի հաղորդմամբ՝ նշեց ԱԺ փոխնախագահը:

Հարցին՝ իշխանությունները դասեր քաղե՞լ են այդ ամենից, Շարմազանովը պատասխանեց. «Բոլորս պետք է դասեր քաղենք, որպեսզի չվախենանք ճշմարտությունն ասել: Որքան էլ այդ ճշմարտությունը մոդայիկ չլինի, մենք պետք է մի բան գիտակցենք՝ ժողովրդավարական երկրներում զենքով հարցեր չեն լուծվում: Մնացած բոլոր խնդիրները կարելի է լուծել տեղական ինքնակառավարման մարմինների և համապետական ընտրությունների ժամանակ: Թող մասնակցեն ընտրություններին»:

ԱԺ փոխնախագահը համաձայն է կարծիքի հետ, որ երկրում անհրաժեշտ են փոփոխություններ: «Այստեղ ժողովուրդն է որոշողը: Կլինեն ընտրություններ, Հանրապետականը կունենա իր ծրագիրը, ՀԱԿ­ը կունենա իր ծրագիրը, մյուս քաղաքական ուժերը կունենան իրենց ծրագիրը, և ժողովուրդը իր քվեով կորոշի, թե որ ուժին է վստահելու: Մենք պիտի հասկանանք, որ որքան էլ մենք գոհ չլինենք, մեր երկրում բոլոր խնդիրները պետք է լուծվեն ժողովրդավարական և քաղաքական ճանապարհով: Այդ ճանապարհը ազատ, արդար և թափանցիկ ընտրություններն են: Դրա համար էլ մենք ցանկանում ենք ընտրական օրենսգիրքն այնպիսի տեսքի բերել, որ մեր երկրում լինեն արդար և թափանցիկ ընտրություններ»,­- եզրափակեց Շարմազանովը:

Տեսանյութեր

Լրահոս