Հայաստանի և Ադրբեջանի նախագահների նոր հանդիպում դեռևս հաստատված չէ. Շարմազանով

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների նոր հանդիպում դեռևս հաստատված չէ: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Բնականաբար, մենք մշտապես կողմնակից ենք եղել բանակցություններին, սակայն բանակցությունների վերսկսման համար անհրաժեշտ է, որպեսզի կողմերն ամբողջությամբ իրականացնեն զինադադարի պայմանները: Հայաստանն էլ մշտապես հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է»,-­ «Արմենպրես»-­ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:

ԱԺ փոխնախագահը հավելեց, որ բանակցություններում առաջընթաց արձանագրելու համար առաջին հերթին անհրաժեշտ է, որպեսզի իրականացվեն նաև Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում նախագահների հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները:

«Իսկ այդ պայմանավորվածությունները եղել են շատ հստակ՝ խոսքը շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման և ԵԱՀԿ գործող նախագահի գրասենյակի և աշխատակազմի ընդլայնումն է: Քանի դեռ կողմերը այս ամենը չեն ավարտել, բնականաբար, նոր առաջընթաց սպասելը մշուշոտ է»,- ասաց Շարմազանովը:

Միևնույն ժամանակ, ԱԺ փոխնախագահը նշեց, որ բանակցություններում Հայաստանի կողմից որևէ հետքայլ չի լինելու: «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը պետք է կարողանա լիարժեք իրացնել իր ինքնորոշման իրավունքը հանրաքվեի միջոցով: Բանալին նախ և առաջ Ստեփանակերտում է: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ինքը պետք է որոշի իր ճակատագիրը»,­- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը:

Տեսանյութեր

Լրահոս