«Բազե»-ն երիտասարդների շրջանում ամրապնդվում է հայրենիքի նկատմամբ սերը. Գալուստ Սահակյան
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը օգոստոսի 25-ին Ծաղկաձորում եղել «Բազե-2016» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հյուրը: Խորհրդարանի ղեկավարը ողջունել է բազեականներին և նշել, որ անցկացվող միջոցառումը յուրովի է, քանի որ «Բազե»-ն դարձել է յուրօրինակ հարթակ, որն ամեն տարի մեկտեղում է հայ երիտասարդների՝ աշխարհի տարբեր երկրներից և նշել, որ այս նախաձեռնության շնորհիվ երիտասարդների շրջանում առավել ամրապնդվում է հայրենիքի նկատմամբ ունեցած սերը, պետության, պետականության ու անկախության գաղափարը: Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շրջել է բազեականների ճամբարում, որից հետո արդեն ջերմ զրույց ունեցել հավաքի մասնակիների հետ:
Հանդիպմանը կարմիր, կապույտ, նարնջագույն ջոկատների ներկայացուցիչներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել ԱԺ նախագահին:
Երիտասարդների հարցերը վերաբերել են ներքին, արտաքին քաղաքականությանը, երկրում երիտասարդական ծրագրերի իրականացմանը, նոր աշխատատեղերի ստեծմանն ու Հայաստանի շենացմանը: Խորհրդարանի ղեկավարը բազեականների խնդրանքով խոսել է նաև իր ուսանողական տարիների, անցած ճանապարհի ու քաղաքական ոլորտում ծավալած գործունեության մասին:
Ըստ նույն աղբյուրի՝ «Բազե»-ն համահայկական երիտասարդական հավաքն ամեն տարի անցկացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից, որին այս տարի մասնակցում է շուրջ 500 երիտասարդ: Գոյության 14 տարիների ընթացքում միջոցառումն իր շուրջն է համախմբել հազարավոր երիտասարդների, բացահայտել շնորհալիներին, հնարավորություն ընձեռել ինքնադրսևորվելու և նրանց մեջ ամրապնդելու սեփական երկրի նկատմամբ ունեցած պատասխանատվությունը: