ՊՆ-ն ամեն ինչ անում է զինված ուժերում կանանց դերը բարձրացնելու համար
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բարձր է գնահատում բանակում կանանց ներգրավվածությունը: «Բազե-2016» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ հանդիպմանը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդգծեց, որ ՀՀ ՊՆ-ն ամեն ինչ անում է զինված ուժերում կանանց դերը բարձրացնելու համար: «Կանանց ներգրավվածությունը բանակում տարեցտարի ավելանում է: Դուք գիտեք, որ ռազմական ինստիտուտներում արդեն նաև աղջիկներ են ընդունվում և սովորում: Մենք աղջիկներին կարող ենք ընդունել նաև նույնիսկ ուսումնական գործընթացի կեսից, այսպիսի արտոնություններ ենք ձևավորել կանանց համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը:
Նրա խոսքով արդեն իսկ կան դասակի հրամանատար կանայք, լեյտենանտներ նույնիսկ հրետանային ստորաբաժանումներում: «Մինչև հիմա կան պայմանագրային հիմունքներով ծառայող կանայք բժշկական համակարգում, կապի և ավտոմատ կառավարման համակարգում: Կանայք կան նույնիսկ մարտական ստորաբաժանումներում, հատուկ նշանակության ստորաբաժանումներում: Կին դիպուկահարներ ունենք, իսկ կանանց՝ հավասարակշռությունը, մարմնին լավ տիրապետելը մեծ նշանակություն ունի դիպուկահարներին նախապատրաստելու գործում»,- ասաց նախարարը:
Սեյրան Օհանյանը միաժամանակ հավելեց, որ անվտանգության ապահովման ամենակարևոր ուղղութուններից մեկը հակառակորդին «օրորոցային վրեժ» պարտադրելն է. որքան մեր զավակները շատ լինեն, այնքան ազգը կշատանա: Նախարարի խոսքով՝ կնոջ ամենակարևոր գործը պետք է լինի հայրենիքի համար նոր զավակներ լույս աշխարհ բերելը: