
«Ոչ մի փաստաթուղթ, որ Ադրբեջանը ճանաչում է ԼՂՀ- ն, իսկ փոխարենը՝ մենք ոչինչ չենք տալիս, գոյություն չունի». Ալեքսանդր Իսկանդարյան

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն այսօրվա ասուլիսին նշեց, որ Ղարաբաղի հարցով առաջիկայում որևէ նորություն ակնկալել չենք կարող, իսկ բանակցային հարցում որևէ փոփոխություն, ըստ նրա՝ չի լինի:
«Ապրիլյան իրադարձություններից հետո եղան տարբեր հայտարարություններ, մեկնաբանություններ Ռուսաստանից և Հայաստանից: Դրանք հետևանքն էին նրա, որ ապրիլյան էսկալացիայից հետո հանձնարարությունը պարզ դրված էր, ու դրա մի մասը կատարում էր Ռուսաստանը: Այդ հանձնարարությունը դեէսկալացիան էր, որ ապրիլյան պատերազմից հետո իրավիճակը դնել այն շրջանակներում, որտեղ բռնությունը քիչ է, և այլն: Հիմա բռնությունները նվազել են: Այդ հանձնարարության գործիքները հայտարարություններն էին, ինչ-որ ճնշումներն Ադրբեջանի, նաև՝ Հայաստանի վրա: Ինչ-որ առաջարկներ են եղել Ադրբեջանին, դա ակնհայտ է: Այդ առաջարկների արդյունքում բռնությունները կտրուկ նվազել են: Հիմա, չեմ կարծում, թե լրջորեն կարելի է մտածել ինչ-որ փոփոխությունների մասին։ Ադրբեջանում իրավիճակը նույնպես հեշտ չէ. ներսում և արտաքին հարաբերություններում կան խնդիրներ»:
Անդրադառնալով տարածքները վերադարձնելու մասին տարբեր հայտարարություններին, նա նշեց, որ դրանցից ոչինչ չի փոխվում. «Այն օրվանից, երբ ի հայտ են եկել մադրիդյան սկզբունքները, ինչ-որ նոր բան եղե՞լ է: Փոխվե՞լ է ինչ-որ բան այն առաջարկներում, որոնք դրված են բանակցային սեղանին, ո՛չ: Դրանք բոլորը մադրիդյան սկզբունքներն են։ Ոչ մի խոսակցություն կամ փաստաթուղթ, որ Ադրբեջանը ճանաչում է ԼՂՀ- ն, իսկ փոխարենը՝ մենք ոչինչ չենք տալիս, գոյություն չունի։ Սա միակ տարբերակն է, որ հիմա քննարկվում է, այլ հարց է, որ անիմաստ է դրա մասին խոսել, քանի որ ո՛չ հայերը, ո՛չ ադրբեջանցիները դրան պատրաստ չեն»։