
Տարոն Մարգարյանը խոսել է Երևանում հասարակական տրանսպորտի ոչ բարվոք վիճակի մասին

Երևանի քաղաքապետարանը համագործակցում է միջազգային կառույցների հետ՝ Երևանում հասարակական տրանսպորտի վիճակը բարելավելու ուղղությամբ: «Բազե-2016» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ հանդիպմանն այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ պատասխանելով մասնակիցներից մեկի հարցին՝ Երևանում հասարակական տրանսպորտի անմխիթար վիճակի վերաբերյալ: Երևանի քաղաքապետը չժխտեց, որ մայրաքաղաքում հասարական տրանսպորտի վիճակը լավ չէ:
«Այդ հարցը մեզ շատ է մտահոգում: Մենք համագործակցում ենք տարբեր միջազգային կառույցների հետ այդ խնդիրը հնարավորինս սեղմ ժամկետներում լուծելու համար: Համագործակցում ենք նաև տարբեր երկրների մայրաքաղաքների քաղաքապետարանների հետ, որոնք հասարակական տրանսպորտի ոլորտում հաջողություններ են արձանագրել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մարգարյանը:
Երևանի քաղաքապետը հավելեց, որ Հայաստանի հասարակական տրանսպորտի պարկը շատ հին է, և այս դեպքում քաղաքապետարանի առաջնահերթ խնդիրը քաղաքացիների անվտանգության ապահովումն է: «Մենք առաջնահերթ իրականացնելու ենք մեր քաղաքացիների անվտանգության ապահովման միջոցառումները: Միաժամանակ, մենք շարունակում ենք քննարկումներն ու խորհրդատվությունները միջազգային տարբեր կառույցների, տարբեր երկրների մայրաքաղաքների քաղաքապետարանների հետ, նրանց հաջողված փորձը կիրառելու և Երևանում հասարակական տրանսպորտի վիճակը հնարավորինս սեղմ ժամկետներում բարելավելու ուղղությամբ», եզրափակեց քաղաքապետը: