«Քրեական հետապնդում պետք է լինի ոստիկանների նկատմամբ, այդ թվում՝ ոստիկանապետի ու նրա տեղակալների». Արթուր Սաքունց

«Հուլիսի 17-31-ը տեղի ունեցած ապօրինությունները կարելի է բաժանել երեք խմբի: Մի խումբը խաղաղ քաղաքացիների նկատմամբ է եղել, որոնք գտնվում են կալանքի տակ, և քրեական գործ է հարուցվել զանգվածային անկարգությունների հիմքով: Մյուս խումբը՝ նույն հիմքով քաղաքական գործիչների կալանավորումն է, որոնցից երկուսի խափանման միջոցը փոխվել է: Տեղի է ունենում ակնհայտ քաղաքական հետապնդում բոլորի նկատմամբ: Եվ, վերջին հաշվով, մի խումբ կա, որոնք մեղադրվում են «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ: Կա նաև չորրորդ խումբը՝ «Սասնա ծռերը»»,- այսօրվա քննարկմանն այս մասին նշեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ նկատելով՝ այս խմբերի նկատմամբ ուժային կառույցների պահվածքը զուրկ է որևէ տրամաբանությունից:

«Ընտրովի արդարադատությունը դրսևորվում է տարբեր մասնակիցների նկատմամբ: Բայց հիմնական տենդենցը, որն ընդհանուր է, ապօրինի հետապնդումն է, այդ թվում՝ խոշտանգման հասնող վերաբերմունքը, որովհետև պատշաճ բժշկական ծառայություն չտրամադրելը համարվում է վատ վերաբերմունք»,- ասաց նա:

Նա ընդգծեց՝ տեղի է ունենում ակնհայտ քաղաքական հետապնդում բոլորի նկատմամբ, բացի «Սասնա ծռերից», և ըստ նրա՝ պետք է խափանման միջոցը փոխվի և դադարեցվի քաղաքական հետապնդումը. «Ավելին, քրեական հետապնդում պետք է լինի ոստիկանների նկատմամբ, այդ թվում՝ ոստիկանապետի ու նրա տեղակալների, այն ոստիկանների նկատմամբ, որոնց ապօրինի գործողությունները երևում են տարբեր տեսանյութերում»:

 

Տեսանյութեր

Լրահոս