«Եթե չմասնակցեմ, ՀՀԿ-ն մի մանդատ ավելի կստանա, ինչին ՀՀԿ-ն չարժե». Լևոն Բարսեղյանը՝ Գյումրիի ընտրությունների մասին

Հոկտեմբերի 2-ին Գյումրիում տեղական կառավարման մարմինների ընտրությունների ժամանակ պայքարը կընթանա շուրջ 10 կուսակցությունների ու դաշինքների միջև: Գյումրիի ավագանու անդամ, ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հ/կ-ի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ թվերը ժամ առ ժամ փոխվում են: Ըստ նրա՝ ՀՀԿ-ն դաշինք է կազմում Քրիստոնեադեմոկրատների և գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ, առանձին հանդես են գալու ՀՅԴ, «Համախմբում», «Հայկական վերածնունդ», «Քաղաքացիական պայմանագիր», «Ալյանս», Գյումրիում հիմնված «Գալա», «Գործարար» և «Գյումրեցու ոգի» կուսակցությունները:
«Այս պահին այս պատկերն է, խմորումները շարունակվում են:

Մինչև օգոստոսի 28-ը, որ առաջադրման վերջնաժամկետն է, գուցե էլի միավորումներ առաջանան, բայց կասկածելի է»,- ասաց Լ.Բարսեղյանը՝ հավելելով, որ ընդդիմադիր դաշինքի ստեղծման հնարավորություն կար՝ «Ժառանգություն», «Գալա» և ևս 1-2 ընդդիմադիրներ կազմով, բայց Երևանում Սարի թաղի դեպքերից ու ձերբակալություններից հետո «Ժառանգությունը» որոշել է չմասնակցել Գյումրիի ՏԻՄ ընտրություններին:

Լ.Բարսեղյանի խոսքով՝ ՀՀԿ-ն ձախողել է Գյումրիում և քաղաքապետի պաշտոնի համար սեփական կուսակցական թեկնածու չունի, հենվելու է Ս.Բալասանյանի վրա. «ՀՀԿ-ն փորձելու է Բալասանյանի կշռով իր շարքերից ավագանու անդամներ մտցնել: Լուրջ պայքար է գնում, ենթադրվում է որոշակի պայքար ԲՀԿ-ի և Հանրապետական+ Բալասանյան ճամբարի միջև, բայց չեմ բացառում, որ, եթե ԲՀԿ-ն տեղեր վերցնի, ընտրություններից հետո կոալիցիա կազմեն: Ընդդիմադիր բևեռից ավելի շատ «Գալան» կշիռ և որոշ առավելություններ ունի՝ նորաստեղծ է, չունի բացասական կենսագրություն, տասնյակ տարուց ավելի գործում է հեռուստաընկերությունը և կուսակցությունը նույնացվում է ՀԸ-ի հետ, նաև եթեր ունեն, նաև տեղական կուսակցություն է, որ ավելի լավ է ճանաչում մարդկանց խնդիրները, քան երևանյան կուսակցությունների տեղական մասնաճյուղերը:

Երևի կուսակցություններից մի 5-ը կանցնեն ավագանու կազմ, բայց որևէ մեկը չի ունենա 40% և ավելի ձայն»:

ՏԻՄ ընտրություններում իր սեփական մասնակցության վերաբերյալ Լ.Բարսեղյանը դեռ վերջնական որոշում չի կայացրել. «Ես ամեն ինչ արել եմ, որ ընդդիմադիր դաշինք ձևավորվեր: Գիտեք, այս քաղաքային իշխանությունը պրոսարգսյանական է, բայց, դժբախտաբար, չհաջողեցինք: Ամեն մի կուսակցություն իրար հետ հարցեր ունեն, բավականին բարդ իրավիճակ է: Մինչև 28-ը դեռ ժամանակ կա, ես դեռ կմտածեմ: Ես պարզապես ափսոսում եմ, որ, եթե չմասնակցեմ, ՀՀԿ-ն մի մանդատ ավելի կստանա, ինչին ՀՀԿ-ն չարժե»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին Գյումրիում և Վանաձորում ՏԻՄ ընտրություններն անցկացվելու են նոր Սահմանադրության և Ընտրական օրենսգրքի համաձայն, այսինքն՝ ընտրողներն իրենց քվեն տալու են ավագանիներին, որոնք կընտրվեն 100 %-անոց համամասնական ցուցակով, իսկ ավագանիները կընտրեն քաղաքապետերին այնպես, ինչպես Երևանում։

Տեսանյութեր

Լրահոս