Աշոտ Ահարոնյանը հերքել է ոստիկանությունից ծառայողների «մեծ արտահոսքի» մասին լուրերը
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն անդրադարձել է «Հիմնադիր խորհրդարան»-ի ներկայացուցիչ Ալեք Ենիգոմշյանի այն հայտարարությանը, թե հուլիսյան դեպքերից հետո ծառայողների մեծ արտահոսք է սկսվել ոստիկանությունից: Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ալեք Ենիգոմշյանը հայտարարություն է տարածել, թե հուլիսյան հայտնի դեպքերից հետո ծառայողների մեծ արտահոսք է սկսվել ոստիկանությունից:
Այս հայտարարության նպատակն ակնհայտորեն բարի չէ. կրկին տարածվում է բոլորիս ծանոթ ապատեղեկատվությունը և խնդիրը դարձյալ հանրությանը թյուրիմացության մեջ գցելն է:
Հարկ եմ համարում հիասթափեցնել Ենիգոմշյանին. ոստիկանությունը պրոֆեսիոնալ ամուր կառույց է, իսկ հուլիսյան դրամատիկ դեպքերից հետո միակամ ու միասնական է ավելի, քան երբևէ, և դավադրաբար սպանված մեր ծառայակիցների արյունն ու հիշատակը առավել են ամրապնդել մեր միասնակությունն ու հավատարմությունն ընդհանուր գործին:
Իհարկե, ոստիկանությունում, ինչպես ցանկացած կառույցում, կադրերի շարունակական տեղաշարժ է. մարդիկ անցնում են ծառայության և ազատվում են ծառայությունից՝ գերազանցապես կենսաթոշակի անցնելով: Վիճակագրության սիրահարներին և առանձնապես կասկածամիտներին կարող եմ նաև այս գործընթացի վերջին ամիսների թվային պատկերը տրամադրել. այս տարվա ապրիլի 17-ից հունիսի 17-ը ոստիկանությունում ծառայությունից ազատվել է 250 մարդ, հուլիսի 17-ից օգոստոսի 17-ը՝ 170 մարդ:
«Ծառայողների մեծ արտահոսքի» մասին մտարկումների գնահատականը թողնում եմ մեր ողջամիտ համաքաղաքացիներին»: