Ինչո՞ւ է ՀԱՊԿ խորհրդի հերթական նիստն անցկացվում Գագիկ Ծառուկյանի «Մուլտի Գրանդ» հյուրանոցում
ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով Երևան ժամանած պատվիրակությունների անդամները հյուրընկալվել են ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրանդ» հյուրանոցում, որտեղ էլ և անցկացվեց նիստը:
Սակայն որքանո՞վ է նպատակահարմար, որպեսզի այդ բարձրաստիճան և հեղինակավոր պետական միջոցառումն անցկացվի մասնավոր հյուրանոցում: 168.am-ի այս հարցին ի պատասխան՝ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Որքան ես գիտեմ, նմանաբնույթ թե´ պաշտպանական գերատեսչության, թե´ ոչ պաշտպանական գերատեսչության բոլոր միջոցառումներն անցկացվել և անցկացվում են նման կառույցներում՝ թե´ մեզ մոտ, թե´ ամբողջ աշխարհում: Ես այլ տարբերակ չեմ տեսել: Այսինքն՝ ՊՆ-ում չէր կարող անցկացվել սա հասկանալի պատճառներով՝ մասնակիցների թվի առումով»:
Ըստ Ա.Հովհաննիսյանի՝ ծախսերի տեսակետից այս տարբերակով ավելի էժան է, որովհետև հյուրանոցի համար, այս կամ այն կերպ, միևնույն է, վճարվում է. «Հետևաբար՝ եթե վճարում ես մի տեղ մնալու համար, ավելացնելու խնդիր չի լինում տվյալ կոնֆերանս դահլիճը վարձակալելու համար: Իսկ եթե հյուրերն այստեղ մնային, այլ տեղում անցկացվեր նիստը, պետք է տրանսպորտային ծախսեր ավելանային՝ նրանց տեղափոխման համար: Գեթ միայն այդ տեսանկյունից ավելի էժան է նստում, հավատացեք»: