«Էդ մեծ տերիտորիան մինչև հիմա մի հատ հեծանիվ չի կարողացել ստեղծել». Վարդան Բոստանջյանը՝ Ռուսաստանի մասին
«Իհարկե, պետք չէ հույս չկապել ինչ-որ հեռանկարի հետ, բայց տվյալ պարագայում որևէ հույս չունենք»,- այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վարդան Բոստանջյանը՝ խոսելով նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարած «Ազգային համաձայնության» կառավարության ստեղծման հեռանկարների մասին:
Համեմատելով նավթամթերքի, գազի և էլեկտրաէներգիայի գները Հայաստանում և ԵՏՄ անդամ մյուս երկրներում՝ Վ. Բոստանջյանը նշեց, որ այս առումով Հայաստանը գտնվում է ավելի խոցելի վիճակում:
«ԵՏՄ-ի մյուս երկրներում չէի ասի, որ մի հիասքանչ վիճակ է, որովհետև Ռուսաստանում էլ էս վերջերս սակագների բարձրացում եղավ, որովհետև բոլորն ունեն պետական բյուջեում փողերի դեֆիցիտ, և այն մեծապեսորեն պայմանավորված է գողությամբ և դրանց ծախսելու ոչ արդյունավետությամբ, քանի որ սրանք տեխնոլորգիական զարգացում չունեցող երկրներ են, մասնավորապես՝ Ռուսաստանը: Էդ մեծ տերիտորիան մինչև հիմա մի հատ հեծանիվ չի կարողացել ստեղծել, նման երկրները գոյատևում են իրենց անտառի, գազի, և այլնի հաշվին, եթե դու գոյատևում ես դրանց հաշվին, ուրեմն բյուջեն լցելու միջոցները դրանք են՝ մի կողմից գողանում ես, մյուս կողմից՝ հակված ես լցնելու»,- նշեց տնտեսագետը:
Նա նկատեց, որ ՀՀ-ն այդ առումով գտնվում է ավելի խոցելի վիճակում, և, ըստ նրա, իզուր չէ, որ մեծ հարկատուների առաջին շարքում հենց «Գազպրոմ-Արմենիան» է. «Փաստորեն, ֆինանսական ռեսուրսների բավարարություն ստեղծելու միակ ճանապարհը մնում է սակագնի բարձրացումը, ինչը և տեղի է ունենում: Ամբողջ ցավը նրանում է, որ մենք գիտենք` այդ գումարներն ինչպես են ծախսվում»:
Դիտարկմանը, թե՝ շատ տնտեսագետներ նշում են, որ հիմա ամենահարմար պահն է Հայաստանի՝ ԵՏՄ-ից դուրս գալու և իրանական, եվրոպական ծրագրերին մասնակցելու համար՝ Վ. Բոստանջյանն այսպես պատասխանեց. «Սա էնքան տրիվյալ է հնչում, ոնց որ թե ասեք՝ այս փողոցով մի գնացեք, այն փողոցով գնացեք: Ո՞վ է ասել, որ մեկը լավ է, մյուս վատ է, կամ՝ հակառակը: Խոշոր առումով ԵՏՄ-ից դուրս գալը կամ ներս մտնելը կամ Իրանի Իսլամական Հանրապետության հետ համագործակցելը բացարձակապես մեկը մյուսին չի խանգարում: Եթե մեզանից յուրաքանչյուրն ուզում է տիրապետել մի երաժշտական գործիքի կամ լեզվի կամ մի մասնագիտության, ի՞նչ կապ ունի՝ դուք դա ամառանոցո՞ւմ եք անում, թե՞ փոքր սենյակում: Այստեղ ամբողջ խնդիրը պարզապես Հայաստանի որոշողների քաղաքական կամքի մեջ է կայանում»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: