Նյու Յորքում իմամի սպանությունից հետո բողոքի զանգվածային ակցիա է անցկացվել
Նյու Յորքի Քուինս շրջանում մուսուլմաններ են հավաքվել, որոնք դուրս են եկել քաղաքի փողոցներ՝ իրենց վրդովմունքը հայտնելու տեղի Ալ-Ֆուրկան մզկիթի իմամ Մաուլամ Ակոնջիի սպանության առնչությամբ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Մի քանի տասնյակ ցուցարարներ պնդում է, որ հանցագործությունը կատարվել է մուսուլմանների նկատմամբ ատելության հողի վրա, թեև հետաքննությունը դեռ նոր է սկսվել և հիմքեր չկան պնդելու, թե Ակոնջին սպանվել է իր հավատի պատճառով:
Ավելի վաղ, ոստիկանությունում աղբյուրը հայտնել էր, որ սպանությունը տեղի է ունեցել գողության փորձի հետևանքով:
54-ամյա իմամն ու նրա 64-ամյա օգնականը դուրս էին եկել մզկիթից, երբ փողոցում նրանց է մոտեցել անհայտ զինված տղամարդն ու կրակել վերջիններիս գլխին:
Իմամը մահացել էր տեղում, իսկ նրա օգնականը հիվանդանոց էր տեղափոխվել, որտեղ մահացել էր:
Ոստիկանությունը դեռևս չի հայտնաբերել հանցագործին:
Ակոնջին Բանգլադեշից Նահանգներ էր եկել 2 տարի առաջ: Մզկիթի հավատացյալների մեծ մասը նյույորքաբնակ բանգլադեշցիներ են: