Բաժիններ՝

Վաճառվում է Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոնի լաբորատորիան

ՀՀ կառավարության առաջիկա նիստում պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը կներկայացնի «Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատորիայի մասնավորեցման նախագիծը: Ըստ այդմ՝ Կոտայքի մարզ Ջրվեժ համայնքում գտնվող 219.1 քմ ընդհանուր մակերեսով լաբորատոր շենքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.097 հա հողամասն ուղղակի վաճառքի ձևով կօտարվի քաղաքացի Վրեժ Դավթյանին: Գույքը գնահատվել է 12 մլն 406 հազար 720 դրամ, իսկ սպասարկման համար անհրաժեշտ 0.097 հա հողատարածքը՝ 4 մլն 388 հազար 280 դրամ: Որոշման նախագծում նշված է, որ գնորդը պարտավորվում է 5 տարվա ընթացքում իրականացնել 5 մլն դրամի ներդրում` յուրաքանչյուր տարի հավասարաչափ:

Թե այդ ներդրումն ի՞նչ նպատակով պետք է իրականացվի, ինչի՞ է ծառայելու լաբորատորիան հետագայում, կամ ինչո՞ւ է որոշվել հենց տվյալ քաղաքացուն օտարել գույքը, արդյոք լաբորատորիան այդքան անմխիթար վիճակո՞ւմ էր, որ այլևս պիտանի չէր իր նպատակին ծառայելու համար, կամ այժմ Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոնը որտե՞ղ պետք է փորձարկումներ իրականացնի, նախագծում այս մասին խոսք անգամ չկա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս