
Սու-24-ի դիմաց փոխհատուցելու հարցը ռուսթուրքական բանակցություններում չի քննարկվել

Սանկտ Պետերբուրգում ռուսթուրքական պատվիրակությունների մակարդակով Սու-24-ը խոցելու դիմաց փոխհատուցում ստանալու հարցը չի քննարկվել: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը:
«Այնտեղ, որտեղ ես ներկա եմ եղել` ընդլայնված կազմով հանդիպմանը, այդ հարցը չի հնչել»,- ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, ասել է ռուս նախարարը:
Նախորդ տարվա նոյեմբերին Թուրքիայի տարածքում ռուսական Սու-24-ը խոցելու միջադեպից հետո առաջին անգամ Էրդողանը ժամանել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ բանակցություններ է վարել Պուտինի հետ: Այդ միջադեպը երկու երկրների միջև ճգնաժամի պատճառ էր դարձել:
Վերջին անգամ Պուտինն ու Էրդողանը հանդիպել էին 2015-ի նոյեմբերի 16-ին Անթալիայում` G20-ի գագաթնաժողովի շրջանակում: Ռուսաստանը պահանջել էր թուրքական կողմից ներողություն խնդրել, պատժել բոլոր մեղավորներին և տալ փոխհատուցում:
Մոսկվան դադարեցրել էր գրեթե բոլոր տեսակի կապերն Անկարայի հետ, ինչպես նաև սահմանել տնտեսական պատժամիջոցներ Թուրքիայի նկատմամբ:
2016 թվականի հուլիսին Թուրքիայի նախագահ Էրդողանը նամակ էր հղել ՌԴ նախագահ Պուտինին և ներողություն խնդրել տեղի ունեցածի համար: