«Հանրային կյանքում կուտակվել են բազմաթիվ խնդիրներ, որոնք լուծումներ են պահանջում». Խոսրով Հարությունյան

«Եթե մի պահ վերանանք այդ կոչից, ապա փաստ է, որ հանրային կյանքում կուտակվել են բազմաթիվ խնդիրներ, չնայած նաև որոշ դրական տեղաշարժերին, որոնք լուծումներ են պահանջում, և այդ լուծումների մասին խոսել է դեռևս ՀՀ նախագահն այս տարվա փետրվարի 12-ին, այս իրադարձությունների արդյունքում էլ հանդես եկավ որոշ մեկնաբանություններով և ասաց, որ առաջիկայում հանդես է գալու համապարփակ, ավելի լիարժեք խոսքով՝ ուղղված ժողովրդին: Այսինքն՝ ակնհայտ է, որ թե´ իշխանությունը, թե´ հասարակությունը, թե´ քաղաքական, թե´ քաղաքացիական հատվածները, բոլորն էլ մտորելու խնդիր ունեն: Խնդիրը միայն իշխանություններում չէ: Իհարկե, ակնհայտ է, որ պատասխանատվության հիմնական մասն իշխանությանն է վերաբերում, բայց երբ մենք ասում ենք՝ իշխանություն, դրա տակ մենք պետք է հասկանանք ոչ միայն՝ քաղաքական մեծամասնությունը, այլ նաև՝ քաղաքական իշխանության ամբողջ սպեկտրը, այդ թվում՝ նաև ընդդիմությունը, որ նույնպես պատասխանատու է հանրային կյանքի բնականոն կենսագործունեություն ապահովելու հարցում»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը՝ խոսելով «Սասնա ծռերի» անդամ Պավլիկ Մանուկյանի՝ իշխանավորներին ուղղված սթափվելու կոչի մասին:

Ըստ նրա՝ այս զարգացումները դրական ինչ-որ մի արդյունքի բերելու են, և մեզանում աստիճանաբար կլինեն այն փոփոխությունները, որոնց ակնկալիքն ունի հանրությունը: Խ. Հարությունյանի կարծիքով՝ բոլորը պետք է մտորեն հանրային կյանքի ժողովրդավարացման անշրջելի գործընթացն ապահովելու համար, այսինքն՝ այնպիսի զարգացումների մասին, որոնք մեզանում ժողովրդավարական զարգացումները կամ ժողովրդավարական ապրելակերպը կդարձնեն այլևս անշրջելի.

«Այլ կերպ ասած՝ խոսքը գնում է ժողովրդավարություն սովորելու մասին: Դա բոլորից ժամանակ է պահանջում: Ժողովուրդները հսկայական պատմական շրջան են անցել, մինչև հասել են ժողովրդավարացման ներկա մակարդակին: Մենք էլ ենք դատապարտված այդ ճանապարհն անցնելու, և ամենակարևորն այն է, որ մենք այդ ճանապարհով ենք գնում, դժվարություններով, բայց այս ճանապարհը հաղթահարում ենք: Մի բան պարզ է, որ ժողովրդավարությունը զենքով չի հաստատվում: Սա նույնպես հաստատուն է, և պետք է հասկանանք մենք: Դրա համար, եթե խոսքը գնում է սթափվելու մասին, ապա բոլորիս է վերաբերում»:

Տեսանյութեր

Լրահոս