Իրանցի միջուկային ֆիզիկոս Շահրամ Ամիրիի ընտանիքը հայտարարել է, որ իշխանությունները գիտնականին կախաղան են բարձրացրել
Իրանցի միջուկային ֆիզիկոս Շահրամ Ամիրիի ընտանիքը հայտարարել է, որ վերջինս կախաղան է բարձրացվել Թեհրանում: Այս մասին հայտնել է գիտնականի ընտանիքը, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ինչպես պնդում են հանգուցյալի ազգականները, Իրանի իշխանությունները նրա մարմինը հանձնել են՝ վզին կախաղանի հետքեր:
1977թ. ծնված ֆիզիկոսը 2009թ Մեքքա էր ուղևորվել՝ մասնակցելու ավանդական մուսուլմանական ուխտագնացության, այնուհետ անհետացել էր և հայտնվել ԱՄՆ-ում, որտեղ նրան իբր ուժով պահում էր ԿՀՎ-ն:
ԱՄՆ-ը կտրականապես հերքում էր իր առնչությունը՝ կապված գիտնականի առևանգման հետ, սակայն 2010թ. մարտին ABC News-ը հայտնեց, որ Ամիրին փախել է Արևմուտք և օգնում է ԿՀՎ-ին տեղեկություններ հավաքել Իրանի միջուկային ծրագրի մասին:
Ամիրիի անհետացումից հետո Իրանը մեղադրեց Սաուդյան Արաբիային, որ նրանք ձերբակալել են ֆիզիկոսին և հանձնել Միացյալ Նահանգներին: 2010թ. գիտնականը վերադարձավ Իրան, որտեղ նրան դիմավորեցին որպես հերոսի:
Այնուհետ Սպիտակ տունը հայտնեց, թե գիտնականն ինքնակամ է փախել ԱՄՆ և Վաշինգտոնին կարևոր տեղեկություն հանձնել:
Նրա ընտանիքը հայտնել է, որ Ամիրին Թեհրանում ազատազրկման էր դատապարտվել: