Բաժիններ՝

«ՀՀ նախագահի ելույթը իրավական գնահատական չէ». Հերմինե Նաղդալյան

«Ես կարծում եմ, որ կլինեն գործընթացներ, և բավականին խնդիրների արտահայտումը քայլերի, գործողությունների միջոցով, որ այս օրերին արծարծվել են մեր հասարակության, մեր լայն հասարակության կողմից, մենք տեսնելու ենք»,- այս մասին Հայաստանի Հանրապետական Կուսակցության Գերագույն մարմնի (ԳՄ) նիստի ավարտից հետո ասաց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը` պատասխանելով հարցին` սպասվո՞ւմ են նոր պաշտոնանկություններ, թե ոչ:

Հարցին` արդյոք պաշտոնանկությունները կարելի՞ է դիտարկել ազգային համաձայնության կառավարության ձևավորման կոնտեքստում, որի մասին իր վերջին ելույթում խոսել է նախագահ Սերժ Սարգսյանը, Հերմինե Նաղդալյանը պատասխանեց, որ ազգային համաձայնության կառավարության ձևավորման խնդիրը շատ ավելի լայն է և կապված չէ պահի, գործողությունների հետ. «Ավելի շատ կապված է այն գլոբալ բարեփոխումների հետ, որոնք մենք կատարել ենք դեռևս սկսած այն ժամանակից, երբ բարեփոխել ենq ՀՀ Սահմանադրությունը: Եվ այսօր, երբ նախագահը խոսում էր այս ազգային համաձայնության գաղափարախոսության մասին, դա հենց այն գաղափարախոսությունն է, որ դրված է սկսած սահմանադրական բարեփոխումներից ու հետագայում նաև ընտրություններից հետո կատարվող գործընթացներում»: Նա նշեց, որ Սահամանադրության բարեփոխումներն ունեցել են գաղափարախոսություն, որ երկրի կառավարման գործընթացներում պետք է լինի լայն կոալիցիոն կամ ազգային համաձայնություն:

Հարցին` արդյոք նախագահ Սերժ Սարգսյանը մտադի՞ր է ընդունել Ժիրայր Սէֆիլյանին, Հերմինե Նաղդալյանը պատասխանեց, որ այդ հարցի վերաբերյալ նախագահի մամուլի քարտուղարը պատասխան է տվել, եթե պարզություն չի մտել, պետք է նորից դիմել նրան. «Բայց այնուամենայնիվ ասեմ, որ ՀՀ նախագահը իր բոլոր խոստումներին, հանձնառություններին մշտապես անմնացորդ պաշտպանում է և կատարում է այն ամենը, ինչ խոստացել կամ հանձնառու է եղել»:

Դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանն իր վերջին ելույթում մի քանի անգամ ահաբեկչական գործողություն ձևակերպումն է օգտագործել այն դեպքում, երբ քննությունը չի ավարտվել, նույնիսկ նման մեղադրանք չի առաջադրվել, Հերմինե Նաղդալյանն արձագանքեց, որ նախագահի ելույթը իրավական գնահատական չէ, դա երկրի ղեկավարի խոսքն է, արտահայտված է նրա մտահոգությունը, սրատացավությունը, վստահությունն առ այն, որ մեր երկրում նման բան չի կրկնվելու, ինչպես նաև հանձնարականը պատկան մարմիններին` հետաքննել բոլոր դեպքերը:

Ըստ Հերմինե Նաղդալյանի խոաքերի` Գործադիր մարմնի նիստի ընթացքում նախագահը ևս մեկ անգամ վերահաստատել է իր դիրքորոշումը, որ բոլոր դեպքերը մեկ առ մեկ պետք է ուսումնասիրվեն, հետաքննվեն, ծառայողական քննություններ պետք է կատարվեն, և բոլոր այն անձինք, ովքեր գործել են օրենքի սահմաններից դուրս, դուրս են եկել իրենց լիազորություններից կամ ոչ իրավաչափ գործողություններ են կատարել, պատժվելու են. «Այս հարցում ՀՀ նախագահը հետևողական է, և վստահ եմ, որ խնդիրներն ունենալու են այն լուծումը, ինչ ակնկալում է մեր հանրությունը»:

Նա նշեց, որ կլինեն իրավական գնահատականներ, և որևէ մեկի նկատմամբ անտեղի, չափից խիստ կամ չհիմնավորված պատիժ կամ մեղադրանք չի լինելու, բոլոր դեպքերը քննարկվելու են առանձին, լինելու են փաստարկված գնահատականներ, մեղադրանքներ կամ պատիժներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս