«Ուրարտուն» հոկտեմբերից կսկսի ելույթները Ռուսաստանի առաջնությունում
Երեւանի «Ուրարտու» բասկետբոլային ակումբը, որի կորիզը կազմելու են Հայաստանի հավաքականի խաղացողները, 2016 թվականի հոկտեմբերից կմասնակցի Ռուսաստանի «Սուպերլիգա-1»-ի խաղարկությանը:
Ներկայումս սկսվել է ակումբին առնչվող կազմակերպչական մի շարք հարցերի կարգավորումը:
Ըստ նախնական տեղեկությունների` Ռուսաստանի «Սուպերլիգա-1»-ի 2016/17թթ. խաղարկությանը մասնակցելու են 13 ակումբներ: Բացի «Ուրարտուից»` մնացած ակումբները լինելու են ռուսական: Առաջիկայում կհրապարակվի առաջնության խաղացանկը:
Առաջնությունը մեկնարկելու է 2016 թվականի հոկտեմբերին եւ ավարտվելու է 2017 թվականի գարնանը:
Սեփական հարկի տակ հանդիպումները հայկական ակումբը կանցկացնի Երեւանի «Միկա» մարզահամալիրում: Այդ կառույցում արդեն սկսվել են վերանորոգման աշխատանքներ:
Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսին Հայաստանի հավաքականը հաջող ելույթ ունեցավ Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում, ինչից հետո որոշում կայացվեց ազգային թիմի մարտունակությունը պահպանելու համար հիմնադրել պրոֆեսիոնալ բասկետբոլային ակումբ, որը կմասնակցի կանոնավոր առաջնության: