«Միջնորդները կողմերից պահանջում են որոշակի զիջումներ». Շավարշ Քոչարյան

Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Վլադիմիր Պուտինի առաջիկա հանդիպման ժամանակ բազմաթիվ հարցեր կան քննարկման, այդ թվում՝ չի շրջանցվի Ղարաբաղի թեման: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

Անդրադառնալով «Սասնա ծռեր» խմբի հետ կապված վերջին իրադարձությունների վերաբերյալ Ս.Սարգսյանի ելույթին՝ Շ.Քոչարյանը կրկնեց, որ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում միակողմանի որևէ զիջում չի լինելու, և Ղարաբաղն Ադրբեջանի կազմում չի լինելու: Սակայն Քոչարյանը չպարզաբանեց, թե փոխզիջման դեպքում հայկական կողմի զիջումը ո՞րն է լինելու: Ըստ նրա՝ Ս.Սարգսյանի հայտարարությունն արվել է ոչ թե՝ արտաքին, այլ՝ ներքին ազդակների ազդեցությամբ: Արտաքին ճնշումների վերաբերյալ փոխնախարարը նշեց. «Ճնշումը ո՞րն է: Ցանկացած բանակցային գործընթացում միջնորդները փորձում են կողմերին բերել ընդհանուր հայտարարի, իսկ դա նշանակում է, որ նրանք կողմերից պահանջում են որոշակի զիջումներ, որպեսզի մոտեցումները մերձենան: Սա շատ բնական է ցանկացած բանակցային գործընթացում, բայց անվանել դա ճնշում, ոչ: Դա միջնորդություն է»:

Միաժամանակ Շ.Քոչարյանը զարմանք արտահայտեց, որ հողերի հանձնման վերաբերյալ հատկապես խոսում են հայ լրագրողները. «Ես չեմ տեսել որևէ հաղորդագրություն, որ Ադրբեջանի լրագրողները նման հարց տան Ադրբեջանի ղեկավարներին»:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Տեսանյութեր

Լրահոս