Բաժիններ՝

Վարչապետը նախարարներին հանձնարարեց հանրությանը ներկայացնել ոչ միայն ձեռբքբերումները, այլև ծրագրերը

Այսօր ՀՀ կառավարության նիստի սկզբում, օրակարգին անցնելուց առաջ, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ 2016թ. առաջին կիսամյակի տնտեսական աճի խնդրիներին ու մարտահրավերներին:

«Այս տարի մեր առջև ծառացել էին թե՛ սոցիալտնտեսական, թե՛ ազգային անվտանգությանն առնչվող մարտահրավերներ: 2015-ից շարունակվող տարածաշրջանային շոկերը, արտաքին բեռնափոխադրումների չնախատեսված խնդիրրները, միջազգային տնտեսական աճի դանդաղումը, առկա ներդրումային միջավայրը վտանգել էին առաջանցիկ տնտեսական աճի հեռանկարը: Առաջին կիսամյակի արդյունքներով, սակայն, կարելի է խոսել որոշակի հաջողությունների մասին:

2016թ. հունվար-հունիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ցուցանիշի նկատմամբ աճել է 4.8%-ով: Ինչպես արդեն նշել եմ, ուրվագծվում են ՀՀ կառավարության արտահանմանն ուղղված քաղաքականության առաջին արդյունքները: Արտաքին առևտրաշրջանառության աշխուժացման արդյունքում արդյունաբերական արտադրանքի ծավալների աճը 2016թ. առաջին 6 ամսվա արդյունքներով 8.9% է, արտաքին առևտրի դեֆիցիտը ևս շարունակում է նվազել»,- ասաց Հ.Աբրահամյանը:

Ըստ նրա` դրան նպաստել է արտահանման աճը, և ոչ թե ներկրման նվազումը: Վարչապետը նշեց, որ վերջին 1.5 տարվա տնտեսական աճն ապահովվել է արտաքին առևտրի շնորհիվ, ինչը վկայում է որակապես նոր արտահանմանն ուղղված տնտեսական աճի նախանշանների մասին. «Այդ փոփոխություններ կարող են հանգեցնել տնտեսության համար երկարաժամկետ փոփոխության, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ այս փոփոխությունն աճի վերածվի»:

«Միաժամանակ, այդ փոփոխությունները չեն նշանակում, որ անելիքներ չունենք: Վերջին 1.5 տարվա աճը դեռևս չի ուղեկցվել բարեկեցության բարձրացմամբ: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ տնտեսական աճը լինի ներառական, հասարակության յուրաքանչյուր անդամ փոփոխություններ զգա իր կենսամակարդակում»,- ասաց Հ.Աբրահամյանը` հավելելով, որ դրա համար պետք է մշտապես ուշադրության կենտրոնում պահել մարտահրավերները և չեզոքացնել դրանք:

Վարչապետը նախարարներին հանձնարարեց հանրությանը ներկայացնել ոչ միայն ձեռբքբերումները, այլև ծրագրերը` դրանցում հանրությանը ներգրավելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս