Ցուցարարները որոշեցին հանրահավաքը շարունակել վաղը
«Հիմնադիր խորհրդարանի» և «Սասնա ծռեր» զինյալ խմբի համախոհների մի մասն այսօր Ազատության հրապարակում հանրահավաքից հետո երթի ժամանակ Թումանյան-Մաշտոց խաչմերուկում հանդիպեց ոստիկանական շղթայի:
Իրավապահները պահանջեցին մտնել Ազատության հրապարակ՝ սպառնալով հակառակ դեպքում բերման ենթարկել: Կարճատև քննարկումից հետո, ի վերջո, փոխզիջում ձեռք բերվեց և երթը շարունակվեց Մաշտոցի պողոտայով՝ դեպի Սայաթ Նովա պողոտա, որտեղից ցուցարարները մտան Ազատության հրապարակ:
Նրանք որոշեցին վաղը՝ ժամը 19:00-ին, կրկին հավաքվել Ազատության հրապարակում: Ակտիվիստ Անի Նավասարդյանն առաջարկեց մինչ այդ, ժամը 13:00-ին, հանրային քննարկում կազմակերպել Ազատության հրապարակում և կետ առ կետ նշել պահանջներն ու անելիքները: