«Շարունակում ենք պայքարել ռազմագերու կարգավիճակով». Վարուժան Ավետիսյան
«Հիմնադիր խորհրդարանի» և «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Վարուժան Ավետիսյանն «Առաջին լրատվականի» հետ զրույցում՝ մինչ զենքերի հանձնման և իշխանություններին հանձնվելու գործողությունները, ներկայացրել էր իրենց այս որոշման պատճառները:
«Այս վերջին օրերի ընթացքում ռեժիմը որդեգրել էր մեր մարտիկներին դիպուկահարների միջոցով շարքից հանելու մարտավարություն: Օրական՝ 2, երբեմն՝ 3 հոգի, հիմնականում՝ ոտքին հարվածելու միջոցով, շարքից հանվում էին: Այսօր մեր հերթական ընկերոջն արդեն կրծքավանդակից վիրավորեցին: Մենք թվով էապես նվազել ենք, 20 հոգի ենք մնացել այստեղ, և երեկ գիշերը գրոհի փորձ ձեռնարկեցին, պատերը քանդեցին, զրահատեխնիկայով գրոհեցին, հետո ինչ-ինչ նկատառումներով՝ կանգնեցրին գրոհը: Մենք փորձեցինք իրենց հետ երկխոսության մեջ մտնել, սակայն այսօր ինտենսիվ կերպով մոտ 40 դիպուկահարներ գնդակոծում էին ամբողջ տարածքը, ռումբեր էին նետում անօդաչու սարքերը, կրակում էին զրահատեխնիկայից, սկզբում՝ ձայնային ռումբերից, բայց հետո հայտնի դարձավ, որ հրազեն էլ են օգտագործում և զրահատեխնիկայով սկսեցին ներխուժել տարածք»,- ասել է ՊՊԾ գնդի տարածքում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը:
Ըստ նրա՝ առաջացած իրավիճակում իրենք ունեին 2 տարբերակ, առաջին՝ մարտի բռնվել իրենց վրա գրոհող Ոստիկանության և այլ ծառայողների հետ, և երկուստեք ծանր կորուստներ ունենալ՝ հեղելով հայ մարդկանց, ՀՀ քաղաքացիների արյունը. այն մարդկանց արյունը, որոնք շատ քիչ առնչություն ունեն այս ռեժիմի կայացրած որոշումների հետ, բայց իրենց ծառայության բերումով այդ գործի մեջ են: Եվ մյուս որոշումը՝ չգնալ արյունահեղության և, մնալով հաստատակամ իրենց տեսակետների վրա, շարունակել պայքարը ռազմագերու կարգավիճակում, որովհետև այս իրավիճակում քաղբանտարկյալի մասին չի կարող խոսք լինել, եթե հանձնվեին, ապա դառնում էին ռազմագերի.
«Շատ ծանր որոշում էր մեզ համար և մենք որոշեցինք ընտրել արյուն չհեղելը և ընտրել ռազմագերու կարգավիճակը՝ հետևյալ նկատառումներով. մենք մեր առաքելությունը՝ ժողովրդական ընդվզում հարուցելու մասով, համարում ենք կատարված: Հիմա արդեն կա ժողովրդական ընդվզում, այն աճում է, և մենք անտեղի համարեցինք բազմատասնյակ զոհեր առաջացնել և ծանր վիճակի մեջ դնել հարյուրավոր քաղաքացիների, նրանց վշտի մեջ դնել: Մենք մեր կյանքը ոչինչ ենք համարում, այստեղ մտած օրվանից մեզ համարում ենք նահատակ, բայց մեր առջև կանգնած էին մարդիկ, որ իրենց պարտականությունն էին կատարում, թեպետ չէին գիտակցում, որ սխալ հրամաններ են կատարում, բայց այդ մարդիկ միգուցե այդպես են համոզված: Մենք մեր մեջ որոշեցինք, որ այդ մարդկանց արյունը չենք ուզում:
Այդ պատճառով մենք դադարեցնում ենք դիմադրությունը, փոխում ենք պայքարի տարբերակը, ռազմագերու կարգավիճակով շարունակում ենք պայքարել, իսկ մեր ժողովրդին կոչ ենք անում՝ ոչ մի գրամ չկասկածել մեր ընդհանուր հաղթանակին: Ժողովրդական ընդվզումը պետք է շարունակվի, չարտագաղթել, մնալ, պայքարել և հաղթել այս արյունարբու ռեժիմին, այս հակահայ, հակամարդ ռեժիմին: Մեր ժողովուրդը պետք է ազատագրվի, սա ազգային-ազատագրական պայքար է: Մենք իրավունք չունենք մեր հինավուրց, հազարամյա հայրենիքը թողնել՝ դառնա ռուսական նահանգ կամ դրվի ողորմելի վիճակում: Մենք ունենք լուսավոր ապագա, և մեր ժողովուրդը պետք է պայքարի դրա համար: Մենք զգում ենք մեր ժողովրդի շունչը, զգում ենք, որ հաղթանակը մոտ է, և կոչ ենք անում մեր այս որոշումն ընդունել՝ որպես դրական քայլ, և շարունակել պայքարը՝ հետևելով բանտից մեր կոչերին և ուղերձներին»:
Վ. Ավետիսյանը նշել է, որ հայ ժողովրդի արգանդը չի չորացել, էլի կծնվեն մարդիկ, որ առաջ կտանեն գործը, իրենք ընդամենը կայծն են տվել և դրանով բավարարված են, թեպետ կուզեին, որ գործընթացն ավելի արագ լիներ, բայց, ցավոք, այդպես չեղավ.
«Ժողովուրդը մի քիչ դանդաղ շարժվեց և ունեցանք այս հանգուցալուծումը, բայց թող դա չընկճի մեր ժողովրդին: Հաստատակամ ենք, շարունակելու ենք մեր պայքարը: Հեղափոխականները հայտնվում են բանտերում, հետո հաղթանակած դուրս գալիս իրենց ժողովրդի հաղթանակի շնորհիվ: Դա էլ է պայքարի մի ձև: Սիրում ենք ձեզ, հայ ժողովո´ւրդ, սիրելի ՀՀ քաղաքացիներ, մեզ ոչինչ չի կարող բաժանել, չենք ուզում արյուն թափվի: Ես, Արայիկ Խանդոյանը, մյուսները հասկացանք, որ չենք կարող զենք բարձրացնել այն հայ երիտասարդի վրա, որ սխալ հրաման կատարելով՝ գալիս է մեզ վրա: Մենք տեսնում ենք մեր ժողովրդի հաղթանակը: Թող այս զոհաբերությունը դառնա պայքարի սնուցիչ արմատը, որ կհասցնի վերջնական արդյունքի»:
Հիշեցնենք, որ ժամը 20:00-ից սկսվեց զենքերը վայր դնելու և իշխանություններին հանձնվելու գործընթացը: Այս ողջ ընթացքում բանակցությունները զինված խմբի, Ժիրայր Սէֆիլյանի և իշխանությունների միջև, չնայած բոլոր տեսակի պրովոկացիաներին և խանգարող այլ հանգամանքներին, տեղի ունեցան և հաջողեցին Արցախի հերոս, ԼՂՀ ԱԺ պատգամավոր, գեներալ Վիտալի Բալասանյանի ջանքերի շնորհիվ, ով այսօր ՊՊԾ գնդի տարածքից դուրս եկավ վերջինը:
Ի դեպ, Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հանդես է եկել հայտարարությամբ, որում զինյալ խմբի անդամները որակվել են՝ որպես ահաբեկիչներ: