
Իրաքում մահապարտ ահաբեկիչները հարձակվել են գազաճնշիչ կայանի վրա. կան զոհեր

Իրաքում մահապարտ ահաբեկիչները հարձակվել են գազաճնշիչ կայանի վրա, հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով անվտանգության ոլորտի աղբյուրներին:
Գործակալության տեղեկություններով՝ զինյալները գրոհել են Քիրկուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևմուտք գտնվող AB2 կայանը, ինչի հետևանքով սպանվել է կայանի 4 աշխատակից, 2-ը ծանր վնասվածք է ստացել:
Այս պահի դրությամբ Իրաքի անվտանգության ուժերը կայանը վերադարձրել են իրենց վերահսկողության ներքո:
Al Arabia-ն հայտնում է, որ ծայրահեղականները գրոհել էին Քիրկուկի նավթապահուստարանը: CNN Arabia-ի տեղեկություններով՝ կատարվածի պատասխանատվությունն ստանձնել է ԴԱԻՇ-ը:
Տվյալների համաձայն՝ Իրաքի անվտանգության ուժերին հաջողվել է ոչնչացնել հարձակմանը մասնակցող 3 զինյալի: